Երևանում կանցկացվի Ազգային երիտասարդական համաժողով
24 Փետրվարի 2023
2023 թվականի օգոստոսի 1-3-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում կանցկացվի Ազգային երիտասարդական առաջին համաժողովը, որին նախատեսվում է 450 մասնակցի ներկայություն սփյուռքից, Հայաստանից և Արցախից: Համաժողովը կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից` նպատակ ունենալով համախմբել սփյուռքի երիտասարդական ներուժը և ստեղծել իստիտուցիոնալ հիմքեր հետագա համագործակցության համար: Հավաքը Հայաստանին և սփյուռքին հնարավորություն կտա բացահայտել երկկողմ առաջնահերթությունները, համադրել օրակարգերը և մշակել ռազմավարական մոտեցումներ:
Համաժողովին մասնակցելու համար հրավիրվելու են սփյուռքյան երիտասարդական, համայնքային, ուսանողական, կրթամշակութային, մասնագիտական կառույցների և ոլորտների այն ներկայացուցիչները, որոնք 18-35 տարեկան են, ակտիվ են Հայաստան-սփյուռք հարաբերությունների տարբեր շրջանակներում, նպատակ ունեն զարգացնել իրենց գործունեությունը և ստեղծել նոր կապեր Հայաստանի, Արցախի և սփյուռքի այլ համայնքների հետ:
«Սփյուռքի երիտասարդության հետ գործակցությունը պետք է զարգանա փոխադարձ ճանաչողության, թափանցիկության, աջակցության և վստահության հիման վրա:
Հավաքը կանցկացվի դինամիկ և աշխույժ ձևաչափով՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդներին կատարելագործել իրենց փափուկ հմտությունները և ինքնառաջադրելու սեփական լուծումները, համախմբել սփյուռքի երիտասարդական ներուժը, միաժամանակ ձևավորել համագործակցության հիմքեր Հայաստանի և Արցախի երիտասարդների հետ, առաջարկել անհրաժեշտ մեխանիզմներ ու գործիքներ»,-ընդգծել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նաև կարևորել է այս ձևաչափում գործընկեր և դաշնակից սփյուռքների երիտասարդական կառույցների հետ գործակցության հաստատումը և համատեղ ծրագրերի իրականացումը, աջակցությունը սփյուռքի երիտասարդական առաջնորդությանը և նախաձեռնություններին, Հայաստանում աշխատելու, սովորելու և հայրենադարձության խրախուսումը:
Նախատեսվում է համաժողովի ընթացքում ունենալ պանելային և ազատ ձևաչափի քննարկումներ, աշխատաժողովներ, պրեզենտացիաներ, էքսպոներ, հանդիպումներ, ինչպես նաև մշակութային ծրագրեր:
Համաժողովի բովանդակային քննարկումները և առաջարկները հիմք կհանդիսանան Հայաստան-սփյուռք երիտասարդական գործակցության ռազմավարության, ծրագրերի և նախաձեռնությունների մշակման համար:
Հարցերի դեպքում կարող եք գրել youthforum@gov.am էլ. հասցեին: