Գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է
21 Փետրվարի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Տեխաս նահանգի Դալլաս քաղաք և հանդիպել տեղի հայ համայնքի հետ։ ԹՈՒՄՈ-ի համահիմնադիր Սեմ Սիմոնյանի, Սուրբ Սարգիս Հայ Ուղղափառ Եկեղեցու հովանավոր Էլի Ակիլյանի և Տեր Ղևոնդ քահանա Աճամեանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ համայնքին, Հայաստան-սփյուռք գործակցությանը և հայրենիքի զարգացմանը վերաբերող հարցեր:
Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել համայնքի հայկական եկեղեցում, որը կառուցվել է 7-րդ դարի հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու օրինակով: Այն նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին հայկական «կյանքի ծառի» պատկերով, որը բաղկացած է ուղիղ 1,5 միլիոն շրջանաձև եզակի պատկերակներից և հնագույն ճարտարապետական ձևերը զուգակցում է ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Ի դեպ, եկեղեցին հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի 2022 թ.-ի «Տարվա կառույց» անվանակարգում:
Համայնքային հանդիպման ժամանակ Զարեհ Սինանյանը ողջունել է Դալլասի հայ համայնքի անդամներին, ներկայացրեց գրասենյակի աշխատանքը և սփյուռքի համար նախատեսված ծրագրերը: Քննարկվել են սփյուռքում հայկական ինքնության պահպանման կարևորությունը և հայ եկեղեցու դերակատարումը։