Գլխավոր հանձնակատարն այցով գտնվում է Սիրիայում
09 Մարտի 2023
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում:
ՀՀ դեսպանությունում Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Դամասկոսի հայ համայնքի հոգևոր և միութենական ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա էին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Դամասկոսի հայ առաքելական ու կաթոլիկ եկեղեցական թեմերի առաջնորդների, ՀՅԴ, Ռամկավար ու Հնչակյան կուսակցությունների տեղական մարմինների ղեկավարները, ինչպես նաև Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ), Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, Սիրիայի Օգնության Խաչի ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել են հայ համայնքի առջև ծառացած խնդիրները, դրանց հաղթահարման ուղիները՝ հատկապես փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո: Համայնքի ներկայացուցիչները Զարեհ Սինանյանին են ներկայացրել ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Հանդիպման ժամանակ մանրամասնորեն քննարկվել են նաև Հայաստան-սփյուռք համագործակցությունը և դրա հետագա ընդլայնման և զարգացման հեռանկարները:
Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է նաև գրասենյակի ծրագրերը, ինչպես նաև հայրենադարձության ուղղությամբ իրականացվող աշխատանքները: