Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Հալեպում
09 Մարտի 2023
Սիրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հալեպում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի ուղեկցությամբ:
Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբի հետ և զորակցությունն ու համերաշխությունը հայտնեց ավերիչ երկրաշարժից տուժած Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կվերացվեն աղետի հետևանքները:
Ողջունելով հյուրերին՝ նահանգապետ Հ. Դիյաբը նշել է, որ Հայաստանն առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն առաքեց և Հալեպ գործուղեց հայ փրկարարներին, ովքեր որոնողափրկարարական մեծ ծավալի աշխատանքներ իրականացրեցին ալ-Շաար վարչական շրջանում:
Զարեհ Սինանյանը հանդիպումից հետո ճանաչողական և քաղաքավարական այցեր է կատարել Բերիո Հայոց Թեմի, Բերիո Կաթողիկե Հայոց Թեմի առաջնորդարաններ և Սիրիայի Հայ ավետարանական համայնքի գրասենյակ:
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացել է նաև ընդլայնված կազմով հանդիպում՝ մասնակցությամբ հալեպահայ համայնքապետերի, ավանդական երեք կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ) ղեկավար կազմի, Սիրիայի ՀԲԸՄ ատենապետի, «Ջինիշյան» հիշատակի ձեռնարկի տնօրինուհու և Ս.Օ Խաչի շրջանային վարչության ատենապետուհու:
Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը ծանոթացել է երկրաշարժից հետո Հալեպի հայ համայնքի առջև ծառացած հիմնախնդիրներին և մտքեր փոխանակել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության հեռանկարների վերաբերյալ: