Սփյուռքի երիտասարդ դեսպանները հյուրընկալվել էին Եվրոպական քոլեջում
16 Մարտի 2023
Մեր գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2021-2022 թթ. մասնակիցներ Լուսինե Ուստյանը (Ռուսաստան), Լիլիթ Բեգլարյանը (Ուկրաինա), Կարեն Մուրադյանը (Բելառուս) և ծրագրի 2022-2023 թթ. շրջափուլի մասնակից Մհեր Սարիբեկյանը (ԱՄՆ) հյուրընկալվել էին Հայաստանի Եվրոպական քոլեջում:
Ուսումնական գործընթացի մեջ կարևորելով տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ ուսանողների անմիջական հաղորդակցումը՝ քոլեջը պարբերաբար նման հանդիպումներ է կազմակերպում: Սփյուռքի երիտասարդ դեսպաններն այս հանդիպման հրավերը ստացել էին քոլեջի արտաքին կապերի գծով փոխտնօրեն Սյուզաննա Խաչատրյանից:
Սփյուռքահայ երիտասարդները ներկայացրին «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը, որը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանը՝ նոր գիտելիքների և հմտությունների փոխանցման ճանապարհով, նպաստել սփյուռքի տարբեր համայնքները ներկայացնող երիտասարդների, նաև Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև կապերի ստեղծմանը: Նրանք կիսվեցին նաև սփյուռքի կազմակերպություններում աշխատելու իրենց փորձով՝ դրանով իսկ նպաստելով սփյուռքի մասին ուսանողների պատկերացումների ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում նրանք խոսեցին նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ընթացիկ ծրագրերի մասին, ինչպես նաև երկխոսության ձևաչափի մեջ պատասխանեցին փոխանակման ծրագրերի շրջանակներում արտերկրում սովորելու հնարավորություններին, տարբեր երկրների հայկական համայնքների առանձնահատկություններին, Հայաստան-սփյուռք գործակցության ամրապնդմանն ուղղված ծրագրերին, հայրենադարձությանը վերաբերող մի շարք հարցերի։
Երիտասարդ դեսպաններն իրենց խոսքում ընդգծեցին միասնական լինելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնեցին ամեն կերպ աջակցել ուսանողական հետաքրքիր նախաձեռնություններին։