«իԳործ» ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում

15 Մարտի 2023

ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի վերաբերյալ այս անգամ տեղեկատվական քննարկում էր «Մտքարան» կրթական հարթակում:

Ծրագրի 2021-2022 թթ. շրջափուլի ռուսաստանահայ մասնակիցներ Լուսինե Ուստյանը (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ), Լիանա Մինասյանը (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով), Մարիամ Հովհաննիսյանը (Երևանի ռուսական դրամատիկական թատրոն) և Լևոն Անանյանը (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն) ներկայացրին ծրագրին մասնակցության իրենց փորձը և պատասխանեցին ներկաների հարցերին: Դրանք հիմնականում վերաբերում էին մասնակցության չափորոշիչներին, հայտի փուլում փաստաթղթերի պատրաստմանը, ինչպես նաև մասնակիցների ընտրության գործընթացին և հարցազրույցի փուլին:

Դիմորդները պետք է ունենան բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ համարժեք, կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Ծրագիրը նպատակ ունի սփյուռքահայ մասնագետների փորձն ու հմտությունները կիրառել Հայաստանի պետական կառավարման մարմիններում, ինչը հնարավորություն կտա խթանել մասնագիտական հայրենադարձությունը և աջակցել պետական կառավարման համակարգի կատարելագործման գործընթացներին։

«իԳործ»-ի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ են իրականացվում նաև առցանց: Իսպանախոս մեր հետևորդներն այսօր՝ երևանյան ժամանակով 19:00-ին, մեր ֆեյսբուքյան էջում կարող են դիտել ծրագրի մասին ուղիղ միացումը, ռուսախոս հետևորդներին առաջարկում ենք մարտի 23-ին՝ ժամը 20:00-ին, միանալ Հայրենադարձության տելեգրամյան ալիքին (alwaysarmenian), իսկ անգլախոսները և ֆրանսախոսներն արդեն իսկ անցկացված միացումների ձայնագրությունները կարող են գտնել մեր էջի «Տեսանյութեր» բաժնում:

Ծրագրին դիմելու համար այցելեք հետևյալ հղմամբ՝ http://diaspora.gov.am/ru/programs/25/fellowship

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office