Անձնական գույքի տեղափոխում
Անձնական գույքի տեղափոխում
Նախքան մշտական բնակության նպատակով ՀՀ տեղափոխվելը՝ կարևոր է տեղեկացված լինել Ձեր անձնական օգտագործման ապրանքների (գույքի, իրերի) ներմուծմանը վերաբերող որոշ առանձնահատկությունների մասին:
Նախևառաջ պետք է տեղյակ լինեք, որ մշտական բնակության նպատակով ՀՀ տեղափոխվելիս Ձեզ հետ բերված անձնական օգտագործման ապրանքների (գույքի, իրերի) ներմուծումը կարող է իրականացվել արտոնյալ պայմաններով, այսինքն՝ առանց մաքսային վճարների, հետևյալ դեպքերում՝
- եթե Դուք ՀՀ տարածքում չեք բնակվել վերջին 5 տարում,
- եթե Դուք ունեք ՀՀ քաղաքացիություն կամ ՀՀ հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ,
- եթե Դուք մինչև վերոհիշյալ փաստաթուղթերի տրամադրումը նախորդող 1825 օր (5 տարի) ժամանակահատվածում առնվազն 915 օր բացակայել եք Հայաստանի Հանրապետությունից,
- եթե Դուք նախկինում չեք օգտվել նշված արտոնությունից, այսինքն՝ ՀՀ չեք ներմուծել անձնական օգտագործման ապրանքներ առանց մաքսային վճարների վճարման:
Որպեսզի կիրառվեն անձնական օգտագործման ապրանքների (գույքի, իրերի) ներմուծման մաքսային արտոնությունները, Ձեզ հետ կարող եք վերցնել առանց գործարանային փաթեթավորման և պիտակավորման անձնական օգտագործման, ինչպես նաև ընտանեկան, տնային ու այլ կարիքների համար նախատեսված ապրանքները, բացառությամբ՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացմանն առնչվող ապրանքների:
Առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների (գույքի, իրերի) ցանկը ներառում է.
- Էլեկտրական տեխնիկայի յուրաքանչյուր տեսակից առավելագույնը երեք օրինակ, որոնք եղել են անձնական կամ առօրյա օգտագործման, որն էլ արտաքուստ պետք է ունենա օգտագործման (մաշվածության) նշաններ,
- Կահույքի յուրաքանչյուր տեսակից մեկ հավաքածու միայն անձնական օգտագործման նպատակով,
- Անձնական օգտագործման մեկ ավտոտրանսպորտային միջոց (ավտոմեքենա, մոտոտրանսպորտային միջոցներ, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդներ), որը ձեռք է բերվել տեղափոխությունից առաջ և ՀՀ ներմուծելիս նախկին բնակության երկրում առնվազն վեց ամսվա ընթացքում հաշվառված (գրանցված) է եղել տվյալ անձի անունով, ու առկա է դա հաստատող փաստաթուղթ,
- Մյուս անձնական օգտագործման ապրանքները (հագուստ, տնային և անկողնային պարագաներ, գրքեր և այլն) կարող են ներմուծվել առանց սահմանաչափի:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են Ձեզ այս գործընթացը սկսելիս.
- Վերադաս մաքսային մարմնին դիմում (կցելով ներքոհիշյալ փաստաթղթերը),
- Մանրամասն գույքագրում՝ ապրանքների անվանման, քաշի, քանակի մասին՝ ներառյալ արժեքները (ապրանքների ցուցակ, հաշիվ-ապրանքագիր),
- Անձնագրի պատճենը կամ ՀՀ-ում մշտական բնակության իրավունքը հաստատող փաստաթուղթը (դիմումի վերաբերյալ տեղեկանքը),
- Օտարերկրյա պետությունում մշտական բնակության փաստը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, կացության քարտ, այլ փաստաթուղթ՝ միջազգային վավերացմամբ /ապոստիլ/, կամ ՀՀ հյուպատոսական վավերացմամբ),
- Գույքի տեղափոխության վճարման անդորրագրի բնօրինակը,
- Օտարերկրյա պետության լիազոր մարմնի կողմից տրամադրված՝ ավտոտրանսպորտային միջոցի (ավտոմեքենայի, մոտոտրանսպորտային միջոցների, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդների) Ձեր սեփականության ներքո գրանցված լինելու և գտնվելու փաստը հաստատող փաստաթուղթը,
- Օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը ներկայացվում են նոտարական կարգով վավերացմամբ կատարված թարգմանությամբ։
Ընտանի կենդանիների տեղափոխում
Ցանկացած տեսակի ԸՆՏԱՆԻ կենդանի ՀՀ տեղափոխելու համար պետք է ունենալ թույլտվություն և անասնաբույժի կողմից առողջության վկայական, որն ապացուցում է կենդանիների կատաղություն կամ այլ հիվանդություններ չունենալու փաստը:
Դիմել՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (ՍԱՏՄ)
Անասնաբուժության վարչություն
Հեռ․՝ +374 12 40 40 40 /120/
Էլ․ հասցե: ssfs@ssfs.am
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, 0051, Կոմիտասի պող․ 49/2
Ցանկացած տեսակի ՎԱՅՐԻ կենդանի ՀՀ տեղափոխելու համար պետք է ունենալ թույլտվություն և անասնաբույժի կողմից առողջության վկայական, որն ապացուցում է կենդանիների կատաղություն կամ այլ հիվանդություններ չունենալու փաստը:
Դիմել՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն
Էլ․հասցե: minenv@env.am
Թեժ գիծ՝ +374 11 8185 59
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3
- Պատվաստման վկայագիր
- Անասնաբուժական առողջության վկայագիր
- Կենդանու անձնագիր
- Կենդանու լուսանկար
Կոնտակտային տվյալներ
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել մեր գրասենյակի հայրենադարձության բաժին.
Բաժնի պետ՝ Հովհաննես Ալեքսանյան
Հեռ.՝ (+37410) 58-91-55
Էլ. հասցե՝ diaspora@gov.am