Վենեսուելա
Վենեսուելայում հայերը սկսել են հաստատվել 20-րդ դարի սկզբին, Հայոց ցեղասպանությունից հետո: Նրանք առավելապես գաղթել են Մերձավոր Արևելքի երկրներից, մասնավորապես՝ Սիրիայից: Համայնքը ձևավորվել է 1930-ական թթ.: Նոր աշխատատեղերի առկայությունը, ինչպես նաև երկրի հարուստ նավթային պաշարները շատ հայերի հնարավորություն տվեցին Կիպրոսից, Հունաստանից, Ֆրանսիայից, Արգենտինայից տեղափոխվել Վենեսուելա:
Ներկայումս այստեղ բնակվում է 3500-4000 հայ: Նրանց զգալի մասը կենտրոնացած է Կարակասում, մյուսները ցրված են Կունամա, Մարակայ, Վալենսիա, Բարսելոնա, Պուերտո լա Կրուս քաղաքներում: Զբաղվում են առևտրով, գործարարությամբ, կան արդյունաբերողներ, ձեռնարկատերեր, նավթագործներ, ոսկերիչներ, ինչպես նաև մտավորականներ:
Վենեսուելայի հայոց հոգևոր հովվության կենտրոնը Կարակասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է:
Համայնքում գործում են ՀՅԴ տեղական կազմակերպությունը, «Արարատ» հայկական ընկերակցությունը (հիմված՝ 1965 թ.), Տիկնանց և Երիտասարդաց միությունները:
Կարակասի հրապարակներից մեկում տեղի հայ համայնքի հովանավորությամբ կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթող: