Հարկեր
ՀԱՐԿԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հարկման օբյեկտ է հանդիսանում ցանկացած գործարք, եկամուտ, գույք, գործունեության տեսակ (այդ թվում՝ գործողություն կամ գործառույթ) կամ ցանկացած այլ օբյեկտ, որի առկայությունը կամ որի նկատմամբ սեփականության իրավունքի առկայությունը կամ որի կատարումը, Հարկային օրենսգրքին համապատասխան, հարկ վճարողի մոտ առաջացնում է հարկի հաշվարկման կամ վճարման պարտավորություն:
Կիրառվում են հետևյալ հարկատեսակները՝ պետական հարկեր (ավելացված արժեքի հարկ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ, շահութահարկ, եկամտային հարկ, բնապահպանական հարկ, ճանապարհային հարկ, շրջանառության հարկ) և տեղական հարկեր (անշարժ գույքի հարկ, փոխադրամիջոցների գույքահարկ):
ՀԱՐԿԵՐ
1. Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)
Եթե Դուք գործարար եք (անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ և այլն), և նախորդ օրացուցային տարում իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը գերազանցում էԱԱՀ-ի շեմը՝ 58,350.000 հազ. դրամը, ապա Դուք համարվում է ԱԱՀ վճարող:
Միաժամանակ պետք է տեղյակ լինեք, որ ավելացված արժեքի հարկը գանձվում է ապրանքների ներմուծման դեպքում, մատակարարի կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց և վերականգնվում է գնորդի կողմից առևտրային շղթայի յուրաքանչյուր էտապում մինչև վերջնական սպառողը և հաշվարկվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցած մասի համար:
2. Ակցիզային հարկ
Ակցիզային հարկ է համարվում ապրանքների ՀՀ ներմուծման կամ ՀՀ տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար սահմանված վճարը։ Այդ ապրանքատեսակներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը, սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի), օրենքով սահմանված արժեք կամ արտադրման տարեթիվ և շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաները, շարժիչային յուղերը:
Ակցիզային հարկ վճարողներ են համարվում` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծողները և ՀՀ-ում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնողները։
Ֆիզիկական անձինք ակցիզային հարկ վճարում են, եթե նրանք ներմուծում են ՀՀ կառավարության կողմից սահմանված արժեքային կամ բնեղեն չափերը գերազանցող ծավալի ապրանքներ կամ ՀՀ տարածքում օտարում են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ:
Դուք պետք է նաև իմանաք, թե ինչպես է որոշվում ակցիզային հարկի դրույքաչափերը։ Այն որոշվում է ակցիզային հարկով հարկման բազայի (բացթողման գին, մաքսային արժեք, կամ ծավալ) նկատմամբ ակցիզային հարկի դրույքաչափը կիրառելով:
Ակցիզային հարկի հաշվարկման դրույքաչափերին կարող եք մանրամասն տեղեկանալ այցելելով կայքէջ։
3. Եկամտային հարկ
Եկամտային հարկը գանձվում է միայն ֆիզիկական անձանցից (ՀՀ և օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, անհատ ձեռնարկատեր, նոտար)՝ հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամտից:
Եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում՝
- ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այսինքն այն անձը, ով հարկային տարում ՀՀ-ում փաստացի գտնվել են 183 և ավելի օր) համար՝ ՀՀ աղբյուրներից և /կամ ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը.
- ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող և /կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների:
4. Շահութահարկ
Շահութահարկ վճարող են համարվում ռեզիդենտ կազմակերպությունները (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի և նոտարների), որոնք ՀՀ աղբյուրներից և /կամ ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստանում են համախառն եկամուտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք ՀՀ աղբյուրներից ստանում են համախառն եկամուտ։
Դուք պետք է նաև տեղյակ լինեք, որ հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի (հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարի` անկախ ստացման աղբյուրներից) և օրենսգրքով նշված նվազեցումների դրական տարբերությունն է:
5. Անշարժ գույքի հարկ
Անշարժ գույքի հարկ է համարվում անշարժ գույքի համար սահմանված կարգով համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկը, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Անշարժ գույքի հարկ վճարվում է նաև մշտական օգտագործման տրամադրված` պետական սեփականություն հանդիսացող հողերի, ինչպես նաև Հարկային օրենսգրքով նշված հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար:
Անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, կենտրոնական բանկի, բազմաբնակարան շենքի բնակարանների և /կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի` բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այդ սեփականատերերին պատկանող հողամասի մասով:
ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Կիրառվում են հետևյալ վճարները՝ պետական վճարներ (պետական տուրք, բնօգտագործման վճար, սոցիալական վճար, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման և օգտագործման վճար, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար, կենսաթոշակային վճար) և տեղական վճարներ (տեղական տուրք, տեղական վճար):
Պետք է նաև տեղյակ լինեք, որ պետական հարկերը և վճարներն ուղղվում են ՀՀ պետական բյուջե, իսկ տեղական հարկերը և վճարները՝ համայնքներին։
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հարկ վճարողն իրավունք ունի՝
- ծանոթանալ իր գործունեության ստուգումների ակտերին.
- հարկային տեսչություն ներկայացնել բացատրություններ հարկերի հաշվարկման ու վճարման և ստուգումների արդյունքների վերաբերյալ.
- օրենքով սահմանված կարգով գանգատարկել հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունները.
- առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով դիմել հարկային արտոնություն ստանալու համար:
2. Վճարողը պարտավոր է՝
- ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնել հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաև այլ հաշվառում և/կամ գրանցումներ), կազմել հաշվետվություններ՝ իր ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ.
- հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում ինքնուրույն հաշվարկել սահմանված հարկերի գումարները և իրականացնել դրանց վճարումը բյուջե։
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Հարկային արտոնությունների տեսակները
ՀՀ-ում սահմանված են հարկային արտոնությունների հետևյալ տեսակները՝ հարկից ազատում, հարկման օբյեկտի նվազեցում, հարկման բազայի նվազեցում, հարկի դրույքաչափի նվազեցում, հարկի նվազեցում, հարկի վճարման ժամկետի հետաձգում և Հարկային օրենսգրքի դրույթները խախտելու համար հաշվարկված` տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում:
2. Հարկային արտոնությունները կազմակերպությունների համար
- Ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգվում է 3 տարի ժամկետով ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում:
- Ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողներն ազատվում են շահութահարկի վճարումից:
- ՀՀ կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագիր իրականացնող բիզնեսները 2 տարվա ընթացքում շահութահարկի գումարից կարող են նվազեցնել իրենց կողմից վճարվող լրացուցիչ աշխատավարձերի գումարները, բայց ոչ ավելի, քան վճարվելիք շահութահարկի գումարի 30 տոկոսը՝ ըստ կառավարության որոշման:
- ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման խոշոր ծրագիր իրականացնողների համար շահութահարկի դրույքաչափը կազմում է 5 տոկոսը առնվազն 40 մլրդ դրամ արտահանման դեպքում, 2 տոկոսը՝ առնվազն 50 մլրդ դրամ արտահանման դեպքում:
- Հայաստանի սահմանամերձ գոտիներում գործունեությունն ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից:
- Տավուշի մարզի Դիլիջան համայնքում առնվազն 2 մլրդ դրամի ներդրմամբ ծրագրերի իրականացման շրջանակներում գործունեությունն ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից:
- Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում գործունեություն իրականացնող բիզնեսներն ազատված են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի և մաքսատուրքի վճարման պարտավորություններից:
3. Հարկային արտոնությունները ինքնազբաղված անձ համար
Ինքնազբաղված անձ կարող է ճանաչվել ֆիզիկական անձ ու անհատ ձեռնարկատերեր հանդիսացող անձը (ՀՀ քաղաքացի, օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձ)՝ պայմանով, որ.
- բացառապես իրականացնում է օրենքով նախատեսված գործունեության տեսակներից որևէ մեկը.
- այն իրականացնում է ՀՀ-ում.
- այն իրականացնում է ինքնուրույնաբար (առանց աշխատող կամ ծառայություն մատուցող ներգրավելու).
- այն իրականացնում է մեկ մշտական վայրի միջոցով, բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք իրենց բնույթով պայմանավորված չեն մշտական վայրով (օրինակ՝ հաճախորդների տներում ծառայությունների մատուցում).
- նրա հասույթը (չհաշված գործատուից ստացած աշխատավարձը) նախորդ օրացուցային տարում չի գերազանցում 9 միլիոն դրամը.
- նա չի հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ։
Եթե ինքնազբաղված անձն ստացել է հարկերից ազատման արտոնագիր, ապա այդ գործունեության տեսակների մասով ազատվում է պետական բյուջե վճարվող հարկերից (եկամտային հարկ, ավելացված արժեքի հարկ և այլն):
4. Գործունեության տեսակները, որոնց համար սահմանված են հարկային արտոնություններ
Արտոնությունը տարածվում է բնակչության պատվերով կատարվող գործունեության հետևյալ տեսակների վրա՝
- կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում,
- հագուստի, գլխարկների, գորգերի և գորգագործական արտադրատեսակների, ոչ թանկարժեք զարդերի արտադրություն ու նորոգում,
- փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում,
- համակարգչային ու կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում,
- հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում,
- տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների, այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն, թիթեղագործական գործունեություն,
- ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում,
- մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում,
- նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ, լեզուների ուսուցման, բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ,
- պարերի, երգեցողության դասավանդում,
- կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն,
- ստեղծագործական գործունեություն, խնջույքավարների գործունեություն
- կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում,
- դարբնոցային գործունեություն,
- զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
- Որպես կանոն, Դուք չպետք է գրանցվեք հարկային մարմիններում և ստանալ հարկ վճարողի վկայական։ Սակայն Ձեզանից կարող են պահանջվել գրանցվել, որպես անհատ ձեռնարներեց և ստանալ հարկ վճարողի վկայական, եթե Դուք զբաղվում եք ձեռնարկատիրական գործունեությամբ, այսինքն՝ զբաղվում եք ապրանքների վաճառքով կամ ծառայությունների մատուցմամբ։
- Եթե Դուք անհատ ձեռնարներեց եք, ապա կարող եք հավակնել փոքր և միջին ձեռնարկությունների համար պարզեցված հարկման ձևերից մեկին (օրինակ՝ շրջանառության հարկ), որը փոխարինում է սովորական եկամտահարկին։
- Կարիք չկա ներկայացնել հարկային հայտարարագրեր, եթե միայն Դուք չեք ստացել այն եկամուտը, որը ենթակա է հարկման ՀՀ-ում և արդեն իսկ չի հարկվել կազմակերպության կողմից, որը վճարել է եկամուտը, օրինակ՝ Ձեր գործատուի, հաճախորդի կողմից։
- Հարկատեսակների և վճարների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ դիմելով ՀՀ պետական եկամուտների կոմիտե (ք. Երևան, Մովսես Խորենացու 3, թեժ գծի հեռ.1-28; +374(60)544444; կայքէջ):