Լրագրողների Հանդեպ Թիրախային Հարձակումներ
Ադրբեջանական ուժերը Արցախում հակամարտությունը լուսաբանող լրագրողների նկատմամբ իրականացրել են նպատակաուղղված հարձակումներ։ Նման հարձակումների արդյունքում վիրավորվել է 7 լրագրող և զոհվել 1 անձ լրագրողական խմբից։
2020 թվականի հոկտեմբերի 1-ին լրագրողների խումբը գնդակոծության է ենթարկվել Մարտունի քաղաքում։ Արդյունքում վիրավորվել են ֆրանսիական Le Monde թերթի երկու լրագրող, հայկական 24News.am լրատվականի լրագրող և Արմենիա հեռուստաընկերության օպերատոր, խումբը ուղեկցող տեղացի բնակիչը սպանվել է։
Le Monde-ի լրագրողը ստացել է կյանքին սպառնացող ծանր վնասվածքներ և շտապ վիրահատության կարիք է ունեցել։ Ռուսաստանի «Дождь» հեռուստատեսային ցանցի գլխավոր խմբագրի տեղակալը, ի թիվս այլ օտարերկրյա և հայ լրագրողների, նույնպես գնդակոծության տակ էր հայտնվել, բայց կարողացել է թաքնվել ապաստարանում։ Նույն օրը Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Agence France-Presse միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան։
Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանը Մարտակերտում կրկին թիրախավորել է հայ և օտարերկրյա լրագրողների միկրոավտոբուս։
Հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի ռմբակոծությունը լուսաբանելու ընթացքում երեք ռուս լրագրող ստացել են վնասվածքներ (լրագրողներից մեկի վնասվածքները ծայրահեղ ծանր էին, իսկ մյուսներինը՝ ծանր)։ Առաջին ռմբակոծությունից հետո ադրբեջանական զինված ուժերը ևս մեկ հարված են հասցրել տաճարին՝ ակնհայտորեն տեղեկացված լինելով, որ լրագրողները գտնվում էին տվյալ վայրում վնասները փաստագրելու համար։