Ռուսաստան
Հայ-ռուսական առնչությունները սկիզբ են առնում XI-XII դարերից` Կիևյան Ռուսիայի ժամանակներից երբ մայրաքաղաք Կիևում գոյություն է ունեցել մեծաթիվ հայկական համայնք: Հայերի հոսքը Ռուսաստան մեծացել է XIII-XIV դարերում, հիմնվել են համայնքներ Մոսկվայում, Նովգորոդում, Կազանում, Աստրախանում, Հյուսիսային Կովկասում և այլ:
XVII դ. Ռուսաստանում ծնունդ է առնում հայ առևտրական բուրժուազիան: Աստրախանում և Ռուսաստանի նոր մայրաքաղաք՝ Սանկտ Պետերբուրգում բնակություն են հաստատել հայեր, որոնք սկսել են իրենց միջոցները ներդնել արտադրության մեջ: Հայ արդյունաբերողներ Իսախանովները, Լազարյանները և ուրիշներ, Ռուսաստանի կենտրոնական և հարավային շրջաններում հիմնել են տարբեր մանուֆակտուրաներ:
XVII - XVIII դդ., Պետրոս I-ի օրոք արևելյան քաղաքականությունը դառնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնաքարերից մեկը, որի իրականացման կարևոր գործոններից էին հայերը: 1701թ. Իսրայել Օրու այցը Մոսկվա և ռուսական կառավարության հետ նրա սկզբնավորած քաղաքական բանակցություններն ավելի են կարևորել հայ գաղութի դերը՝ հատկապես Մոսկվայի և Պետերբուրգի: Այստեղ են մշակվել և կառավարությանը ներկայացվել Հայաստանի ազատագրության և հայկական պետականության վերականգնման նախագծերը:
Ռուսաստանի հայ համայնքներին երկրի իշխանությունները շնորհել են ոչ միայն տնտեսական, այլև իրավական արտոնություններ:
Ռուսահայերի կյանքում կարևոր դեր է ունեցել Հայ եկեղեցին: 1717թ. կազմավորվել է Ռուսաստանի բոլոր հայերին միավորող Հայաստանյայց առաքելական եկեղեցու Աստրախանի թեմը: Հայկական եկեղեցիներ գործել են գրեթե բոլոր հայաշատ բնակավայրերում:
XVIII դ. վերջից Ռուսաստանի հայկական գաղութներում ստեղծվել են դպրոցներ: Առավել հայտնի էին Նոր Նախիջևանի Ս. Խաչ վանքի դպրոցը, Աստրախանի Աղաբաբյան դպրոցը, Մոսկվայի Լազարյան ճեմարանը:
Հայկական գաղութների մշակութային կյանքի կարևոր դրսևորումներից էին լուսավորական շարժումը և տպագրական գործը՝ հայերեն թերթեր և ամսագրեր են հրատարակվել Մոսկվայում, Նոր Նախիջևանում , Սանկտ Պետերբուրգում , Պյատիգորսկում:
Հայկական գաղութների կազմավորման գործընթացը շարունակվել է նաև XIX դարում:
Մեծ եղեռնից փրկվածների մի մասն՝ Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը, ապաստան են գտել Ռուսական կայսրության հարավի բոլոր վարչական կենտրոններում և խոշոր քաղաքներում, համալրելով հին հայկական համայնքները և հիմնելով նորերը, ինչի հետևանքով հայ համայնքների թիվը կտրուկ աճել է:
Այդ տարիներին ռուսահայ համայնքներում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նոր Նախիջևան) ստեղծվել են բարեգործական ընկերություններ, օգնության կոմիտեներ, որոնք զգալի օգնություն են ցույց տվել Ռուսաստանում ապաստանած հայ փախստականներին:
Ռուսաստանի հայերն ակտիվորեն մասնակցել են նաև կայսրության քաղաքական կյանքին : Որոշ հայ համայնքներում գործել են ազատագրական խմբակներ, ՀՀԴ և ՍԴՀԿ կազմակերպություններ:
Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, հայկական գաղութների ազգային կյանքում հիմնականը մշակութային գործունեությունն եր: Լազարյան ճեմարանը դարձել եր արևելագիտության ու հայագիտության զարգացման կարևոր կենտրոն, 1921-ից՝ Մոսկվայի հայ մշակույթի տուն:
Միաժամանակ հայերը սկսել են ներքաշվել երկրում ծավալված սոցիալ-դասակարգային պայքարին: 1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Ռուսաստանի Ազգությունների գործերի կոմիսարիատին կից ստեղծվել է Հայկական գործերի կոմիսարիատը: 1920-ական թթ. 2-րդ կեսից, ամբողջատիրական համակարգի , Ռուսաստանի հայ համայնքների մշակութային կյանքն աստիճանաբար անկում է ապրել: Փակվել են հայկական դպրոցներն ու պարբերականները, արգելվել է Հայ եկեղեցու գործունեությունը:
ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած ժողովրդավարական գործընթացների հետևանքով սկսվել է Ռուսաստանի հայ համայնքների հասարակական և մշակութային կյանքի վերելքը: Այդ տարիները նշանավորվել են նաև դեպի Ռուսաստան հայերի աննախադեպ մեծ հոսքով: 1988թ. Սպիտակի երկրաշարժի և Հայաստանի շրջափակման հետևանքով արտագաղթած հայերի հիմնական մասը հանգրվանել է Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Ռոստովի մարզում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Ուրալի և Սիբիրի արդյունաբերական կենտրոններում: Զգալի թվով հայեր Ռուսաստան են գաղթել Ադրբեջանից և Աբխազիայից:
Այդ ժամանակ Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Մոսկվայի թեմին են վերադարձվում Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի հայկական եկեղեցիները, համայնքներում գործում են 30-ից ավելի եկեղեցիներ: Մի շարք համայնքներում վերաբացվում են հայկական դպրոցները, ստեղծվում հայերենի ուսուցման խմբակներ: Հրատարակվում են հայերեն կամ երկլեզու (հայերեն և ռուսերեն) թերթեր, հիմնվում են հայ մշակույթի կենտրոններ և ընկերություններ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կրասնոդարում, Ստավրոպոլում, Արմավիրում, Սոչիում, Անապայում, Կրասնոյարսկում:
Ռուսաստանում տարբեր տարիներ ապրել և գործել են հայ մտավորականներ՝ բանաստեղծ Վահան Տերյանը, գրող Մարիետա Շահինյանը, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, թատերական գործիչ Եվգենի Վախթանգովը, ֆիզիկոս Աբրահամ Ալիխանովը, ճարտարապետ Կարո Հալաբյանը, տնտեսագետ Աբել Աղանբեգյանը, մարշալներ Հովհաննես Բաղրամյանը և Համազասպ Բաբաջանյանը, ծովակալ Հովհաննես Իսակովը, պետական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը, շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, ՌԳԱ ակադեմիկոս Սերգեյ Աղյանը և ուրիշներ:
Բազմաթիվ հայեր Ռուսաստանում ծավալել են ձեռնարկատիրական գործունեություն հիմնել առևտրական ձեռնարկություններ, միջնորդական ֆիրմաներ, բանկային հաստատություններ, իսկ գյուղական վայրերում (Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր)՝ ֆերմերային տնտեսություններ, շինարարական կազմակերպություններ:
1995թ. ՌԴ Պետական Դուման ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ներկայումս ՌԴ-ում բնակվում է 2.5 - 3 մլն հայ: Ամենահայաշատ բնակավայրերն են Մոսկվան և Մոսկվայի մարզը, Ռոստովի մարզը, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերը:
Ռուսաստանի Դաշնության տարածքում գործում են ավելի քան 250 հայկական համայնքային կառույց ու միություն, 65 երիտասարդական կազմակերպություն, մոտ 230 հայկական կիրակնօրյա կրթօջախ, վարժարան ու նախակրթարան, 72 եկեղեցի, հրատարակվում է 45 անուն տպագիր լրատվամիջոց: Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, Սիմֆերոպոլ և Պյատիգորսկ քաղաքներում են գտնվում հայագիտական կենտրոններն ու ամբիոնները:
1996-2011թթ. Մոսկվայում կառուցվել է Հայկական տաճարային համալիրը, որը դարձել է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդանիստը և Ռուսաստանի հայերի հոգևոր կենտրոններից մեկը:
2000թ. հունիսի 16-ին Մոսկվայում ստեղծվել է Ռուսաստանի հայերի միությունը: ՌԴ 63 հանրապետություններում, տարածքներում և շրջաններում գործում են ՌՀՄ տարածաշրջանային մասնաճյուղեր:
2018 թվականի հունիսի 7-ից Մոսկվայում գործում է նոր հասարակական կազմակերպություն՝ Ռուսաստանի հայերի միավորումը: