Բելառուս
Հայ-բելառուսական առնչությունները սկիզբ են առնում 20-րդ դարից` Բելառուսում հեղափոխական շարժման ծավալման շրջանից:
1989 թ. մարդահամարի տվյալներով Բելառուսում բնակվում էր 5000 հայ, որից 2800-ը՝ Մինսկում: 1999 թ. մարդահամարի տվյալներով` հայերի թիվը Բելառուսում 10000-ից ավելի էր: Ոչ պաշտոնական տվյալներով՝ ներկայումս այստեղ բնակվում է շուրջ 30000 հայ:
Հայերը բելառուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից և հրեաներից հետո զբաղեցնում են 6-րդ տեղը: Նրանք հիմնականում բնակվում են Մինսկ, Մոգիլյով, Բոբրույսկ և Գրոդնո քաղաքներում:
Հայկական համայնքը Բելառուսում պաշտոնապես հիմնվել է 1989 թ. Մինսկում: 1991 թ. այն վերագրանցվել է որպես Մինսկի «Հայաստան» մշակութալուսավորչական միություն: Հայկական համայնքային հասարակական կազմակերպություններ են գործում նաև Բելառուսի Հանրապետության այլ քաղաքներում, ինչպես՝ Մոգիլյովի «Մասիսը», Բոբրույսկի «Ուրարտուն», Գրոդնոյի «Մուսալեռը»: 2003թ. Բելառուսում գրանցվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական կրոնական միությունը: Այստեղ հայկական եկեղեցի չկա:
Բելառուսի Հանրապետության Մինսկ, Մոգիլյով և Բոբրույսկ քաղաքներում գործում են.
- հայկական երեք կիրակնօրյա դպրոցներ,
- «Էրեբունի» հայկական պարերի ժողովրդական համույթը:
1991 թ. հայկական համայնքի նախաձեռնությամբ Մինսկի Ալեքսանդր Նևսկի եկեղեցու բակում տեղադրվել են Հայոց ցեղասպանության և 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր: