Ղազախստան
Պաշտոնական տվյալների համաձայն` Ղազախստանում բնակվում է շուրջ 25.000 հայ ըստ ոչ պաշտոնական տվյալների` մոտ 60.000: Նրանց զգալի մասն ապրում է Ալմաթիում, իսկ մի մասը հիմնականում կենտրոնացած է Պավլոդար, Կուստանայ, Ակտյուբինսկ, Կարագանդա, Ակտաու, Աստանա, Ատըրաու քաղաքներում:
Հանրապետության նախագահին կից գործում է հասարակական ինստիտուտը` Ղազախստանի ժողովրդի վեհաժողովը (ասամբլեա), որը կոչված է նպաստելու ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման ու զարգացման գործին: Հայերը ներկայացված են` ի դեմս «Նաիրի» (ղեկավար՝ Արտյուշա Կարապետյան) և «Մասիս» (ղեկավար՝ Էռնեստ Վարդերեսյան) միությունների։
«Նաիրի» միությունը ստեղծվել է 2004 թ. հոկտեմբերի 30-ին, իսկ «Ղազախստանի հայերի «Մասիս» միություն» հանրապետական կազմակերպությունը գրանցվել է Ալմաթիում 2014 թ. օգոստոսին։ 2015 թ. ընդգրկվել է Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի կազմում։ Այսօր այն ներառում է համայնքային 8 կառույց, որոնք գտնվում են Ալմաթի, Նուր Սուլթան, Ակտոբե, Ակտաու, Պետրոպավլովսկ, Սեմեյ, Ձերժավինսկ և Կոկշետաու քաղաքներում։
Ներկայումս Ղազախստանում գործում են 18 հայկական մշակութային կենտրոններ, որոնք տեղակայված են Նուր Սուլթան, Ալմաթի, Ակտոբե, Ատըրաու, Ակտաու, Կարագանդա, Կուստանայ, Կոկշետաու, Օրալ, Օզկաման, Ուստ-Կամենոգորսկ, Պետրոպավլովսկ, Պավլոդար, Շիմքենդ, Սեմեյ, Տալդիկորգան, Ձերժավինսկ քաղաքներում նաև «Բարեկամության տներ» կոչվող ընդարձակ ու հարմարավետ շենքերում։
Հայկական համայնքային կազմակերպություններին կից գործում են՝ 8 կիրակնօրյա դպրոց, 11 պարախումբ, 3 երգչախումբ, 1 պատկերասրահ («Արվեստ»):
2007 թ.-ից Ալմաթիում (որոշ ընդհատումներով) լույս է տեսնում «Նաիրի» եռալեզու ամսաթերթը, որն ունի նաև էլեկտրոնային տարբերակ: 2014-18 թթ. այն կանոնավոր հրատարակվում էր 5,000 տպաքանակով։
Ղազախստանի Հանրապետության տարածքում գործող հայկական եկեղեցիներ չեն պահպանվել։ Կա երկու մատուռ, որոնցից մեկը գտնվում է Ֆորտ-Շևչենկո քաղաքի հին գերեզմանատանը և վերականգման կարիք ունի, իսկ մյուսը կառուցվել է 2006 թ. Ալմաթի քաղաքում: