Թուրքմենստան
Ներկայումս Թուրքմենստանում բնակվում է շուրջ 25.000-30.000 հայ, որոնց մեծ մասը բնակվում է մայրաքաղաք Աշխաբադում (մոտ 15.000 մարդ), շուրջ 5-6 հազարական՝ Թուրքմենբաշի և Մառի քաղաքներում, մյուս մասը՝ Բալկանաբադ, Թուրքմենաբադ, Թեջեն քաղաքներում։
Վերջին տարիներին հայերի մեծ արտահոսք է եղել երկրից դեպի Ղազախստան, ՌԴ և Եվրոպա։ Այսօր էլ բավական մեծ է այն հայերի թիվը, ովքեր ունեն երկիրը լքելու տրամադրվածություն, ինչը հիմնականում պայմանավորված է Թուրքմենստանում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրադրությամբ:
Թուրքմենստանում բնակվող հայերը հիմնականում խոսում են արցախյան կամ սյունյաց բարբառներով: Նրանց մեծ մասը տիրապետում է թուրքմեներենին և ռուսերենին։
Թուրքմենստանում կա հայկական կիրակնօրյա երեք դպրոց, որոնցից մեկը բացվել է Աշխաբադում և գործում է ՀՀ դեսպանությանն առընթեր, մյուս երկուսը բացվել են Թուրքմենբաշի և Մառի քաղաքների հայկական համայնքներում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ: 2014 թ. հայկական դասարան է բացվել նաև Էլոտան քաղաքում, որն աշակերտների թվի նվազման պատճառով 2017 թ.-ից դադարեցրել է իր գործունեությունը:
Թուրքմենստանում պահպանված հայկական պատմամշակութային միակ ժառանգությունը Թուրքմենբաշի (նախկինում` Կրասնովոդսկ) քաղաքի եկեղեցին է: Այն կառուցվել է 1903 թ.-ին, սակայն այսօր չի գործում: