Ուզբեկստան
Ուզբեկստանը հետխորհրդային տարածքի հայաշատ երկրներից մեկն է։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այստեղ բնակվում է շուրջ 80000 հայ, որոնցից 50000-ն ունի Ուզբեկստանի քաղաքացիություն: Հայերը հիմնականում կենտրոնացած են Տաշքենդ (50000) և Սամարղանդ (25000) քաղաքներում: Հայկական համայնք կա նաև Անդիժանում և Ֆերգանայում:
Ուզբեկստանի անկախության հռչակումից հետո (1991 թ.) հիմնվել են Տաշքենդի Հայ մշակույթի և Սամարղանդի «Լույս» մշակութային կենտրոնները:
1993-ին Տաշքենդում բացվել է հայկական կիրակնօրյա դպրոց, կազմավորվել են երգչախումբ, պարային, դրամատիկական և գեղարվեստի ստուդիաներ:
1989 թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Թամարա Խանում-Պետրոսյանցի նախաձեռնությամբ ստեղծվել է Ուզբեկստանի հայկական ազգային մշակութային կենտրոնը (ՈՒՀԱՄԿ), որի առաջին նախագահը պատմական գիտությունների թեկնածու, «Հայերը Միջին Ասիայում» գրքի հեղինակ Արկադի Գրիգորյանն էր:
2005թ. կենտրոնին կից կազմավորվեցին «Արվեստ» ստուդիան և «Ապագա» բարեգործական հիմնադրամը: Վերջինս նպատակ ուներ օժանդակել Տաշքենդում հայկական մշակույթի տան, դպրոցի և եկեղեցու կառուցմանը: Նույն տարում համայնքային կառույցը սկսեց հրատարակել «Ապագա» թերթը, որը 2008-ին վերածվեց ամսագրի` «Դեպի ապագա» վերտառությամբ: Ներկայում գործում է ամսագրի առցանց տարբերակը՝ «Կենդանի օջախ» խորագրով։
2010 թ. հունվարին Սամարղանդում բացվեց հայկական ազգային մշակութային կենտրոնի նոր գրասենյակը:
Ուզբեկստանում գործում է 2 հայկական եկեղեցի` 1993-ին պետականորեն գրանցված և 1995-ին վերաօծված Սամարղանդի Սբ. Աստվածածինը և 2007 թ. գրանցված Տաշքենդի Սբ. Փիլիպոսը։
Տաշքենդում մեծ համբավ ունեն «Արձագանք», «Արտվին» պարային համույթները և «Ապագա» ֆուտբոլային թիմը, որոնք գործում են ՈՒՀԿՄ-ին կից։ Սամարղանդում լայն ճանաչում ունի «Նաիրի» պարային համույթը։
Թամարա Խանումի կենդանության օրոք (1986թ.) Տաշքենդում բացվել է նրա անունը կրող տուն-թանգարան, որտեղ ցուցադրվում են պարուհու բեմական հագուստները, լուսանկարները, չհրատարակված հուշերը, կարելի է լսել նաև հայ արտիստուհու երգերը: Թանգարանը հայկական համայնքի համար հաճախ ծառայում է որպես հավաքատեղի։