Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ԱՄՆ-ում եղել է 60 հզ. հայ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վերականգնվել է երիտթուրքական սահմանադրությամբ վերացված գաղթի արգելքը, որի հետևանքով քիչ թվով հայեր են կարողացել արտագաղթել: Եթե 1914 թ. ԱՄՆ էր գաղթել 7785 հայ, ապա հետագա տարիներին նրանց թիվը կտրուկ նվազել է` 1915-1919 թթ. կազմելով ընդամենը 3620 մարդ:
Օսմանյան Թուրքիայում հայերի պարբերական ջարդերով ու տեղահանություններով ուղեկցվող քեմալական շարժման վերելքը, ինչպես նաև Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920) անկումը կրկին խթանել են հայերի գաղթը ԱՄՆ: 1921 թ. նրանց թիվը նախորդ տարիների համեմատությամբ հասել է ամենաբարձր ցուցանիշի` 10212-ի, որոնց հիմնական մասը եղել են թուրքական հարեմներից, ոչ քրիստոնյա ընտանիքներից, ճամբարներից ու որբանոցներից հայկական և ամերիկյան բարեգործական կազմակերպությունների, ամերիկյան քարոզիչների կողմից հավաքագրված հայերը:
Առաջին աշխարհամարտից հետո ամերիկյան գաղթականական օրենքների պարբերաբար վերանայման հետևանքով հայերի ներգաղթը խիստ սահմանափակվել է: 1924 թ. ընդունվել է Ազգային ծագումների քվոտայի օրենքը (National Origins Quota): Այդ թվականին ԱՄՆ-ում բնակվող հայերի ընդհանուր թիվը տարբեր տվյալներով կազմել է 120-125 հզ.:
1920-1930-ական թթ. ԱՄՆ-ում հաստատվել են Կիլիկիայից, Հունաստանից, Մերձավոր ու Միջին Արևելքից և այլ վայրերից գաղթած, կոտորածներից փրկված հայեր: Հայերը հիմնականում կենտրոնացած են եղել Մասաչուսեթսի, Կալիֆոռնիայի, Ռոդ Այլենդի, Քոնեքթիքութի նահանգներում, ամերիկյան հայաշատ քաղաքներից են եղել Դետրոյտը, Լոս Անջելեսը, Փրովիդենսը, Բոստոնը, Ուստրը, Ֆրեզնոն, Սան Ֆրանցիսկոն և այլն:
Տասնամյակների ընթացքում հայերը տարածվել են ողջ երկրով մեկ` բնակություն հաստատելով ԱՄՆ գրեթե բոլոր նահանգներում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ԱՄՆ-ում բնակվել է շուրջ 200 հզ. հայ: Պատերազմի տարիներին ամերիկյան զինվորների հետ ծառայել են 18,5-20 հզ. ամերիկահայեր: Բազմաթիվ հայորդիներ արժանացել են ամերիկյան բանակի ամենաբարձր տիտղոսների (ԱՄՆ-ի բանակի հայազգի առաջին գեներալ Հայկ Շեքերջյան, հրամանատար Ջեք (Սիրակ) Հանիկյան, գնդապետներ` Սարգիս Զարդարյան, Քիրք Բուչախ), պարգևատրվել բարձրագույն կարգի շքանշաններով: Հայազգի ամերիկյան հերոս, ավագ լեյտենանտ Էռնեստ Դերվիշյանն արժանացել է ԱՄՆ-ի բացառիկ և ամենաբարձր պարգևին` «Կոնգրեսի պատվո շքանշանին»:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դեպի ԱՄՆ հայերի գաղթի նոր ալիք է սկսվել: 1948 թ. ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից «Տեղահանված մարդկանց մասին» օրենքի հաստատումով` «Հայրենազուրկ հայերի օգնության ամերիկյան ազգային կոմիտեն» (ANCHA-ԱՆՉԱ, նախագահ` Ջորջ Մարտիկյան) մինչև 1952 թ. իրականացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում հայտնված 4,5 հզ. ռազմագերի-տարագրյալ հայերի փոխադրումն ու բնակեցումը ԱՄՆ-ում:
1947 թ. ԱՄՆ-ում հայերի թիվը եղել է 215 հզ.: Հետպատերազմյան տարիներին հայերն ԱՄՆ են արտագաղթել հիմնականում Եվրոպայից:
Հայերի հոսքը ԱՄՆ նոր թափ է ստացել 1950-ական թթ., երբ տնտեսական և քաղաքական անկայուն գործընթացների հետևանքով Եգիպտոսից (1952 թ.), Սիրիայից (1958-1961 թթ.), Խորհրդային Հայաստանից (1960 թ.), Թուրքիայից ու Հունաստանից (1960-ական թթ. կեսից), Լիբանանից (1960-ական թթ. վերջից), Իրանից (1979 թ.), Հորդանանից և Իրաքից տեղի ունեցած արտագաղթի հետևանքով հայերը հաստատվել են ԱՄՆ-ում:
1965 թ. հայերի թիվը ԱՄՆ-ում հասել է 300 հզ.-ի: Նույն թվականին ԱՄՆ-ում ընդունված Գաղթականական օրենքով (Immigration Act) վերացվել են ներգաղթի նկատմամբ նախկինում գործող սահմանափակումները, որն էլ խթանել է աշխարհի տարբեր կողմերից (հատկապես Մերձավոր և Միջին Արևելքից, Խորհրդային Հայաստանից) շուրջ 2 հզ. հայերի ամենամյա հոսքը ԱՄՆ:
1970-1972 թթ. ԱՄՆ-ում բնակվել է շուրջ 450-500 հզ. հայ:
1960-1970-ական թթ. ԱՆՉԱ-ի միջոցով Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից, ինչպես նաև Հայաստանից 18 500 հայ է արտագաղթել ԱՄՆ: Միայն 1979 թ. Խորհրդային Հայաստանից Լոս Անջելես է գաղթել 3200 հայ:
1985 թ. ԱՄՆ-ում բնակվել է 600-800 հզ. հայ:
1988 թ. Սպիտակի երկրաշարժը, Խորհրդային Միության փլուզումն ու նորանկախ Հայաստանի սոցիալ-տնտեսական ու քաղաքական անկայուն վիճակը նպաստել են դեպի ԱՄՆ հայերի նոր հոսքին:
Ամերիկահայությունը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերել հայրենիքին, հատկապես 1988 թ. Սպիտակի երկրաշարժից տուժած հայրենակիցներին: Աչքի է ընկել 1989 թ. նոյեմբերին հիմնված Միացյալ հայկական ֆոնդ (United Armenian Fund, դադարել է գործել 2015 թ. նոյեմբերից) բարեգործական կազմակերպությունը, որը միավորելով ԱՄՆ-ում գործող յոթ խոշոր հայկական կազմակերպությունները (Ամերիկայի հայկական համագումար, ՀԲԸՄ, ՀՕՄ, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ էջմիածնական և անթիլիասական թեմերի առաջնորդարաններ, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն և Քըրք Քըրքորյանի «Լինսի հիմնադրամ») Հայաստան է հասցրել 720 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն:
2015 թ.-ից իր մարդասիրական օժանդակություններն է հայրենիքին կատարում Հայաստան-Արցախ հիմնադրամը: Աչքի ընկնող դեր է կատարում ԱՄՆ Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ):
Ամերիկահայ համայնքի ազգային կյանքը կազմակերպելու, հայրենակիցներին համախմբելու, հայապահպանության, ամերիկահայերի շահերն ու իրավունքները պաշտպանելու, Հայ դատի լուծմանը նպաստելու նպատակով ԱՄՆ-ում ստեղծվել են հայկական մի շարք կազմակերպություններ, որոնցից են Հայկական միությունը (ԱՄՆ-ում առաջին հայկական կազմակերպությունը, հիմնվել է 1886 թ., Նյու Յորքում), Կաճառ հայկականը (1888 թ., Ուստր), Արարատյան գունդը (1890 թ., Նյու Յորք), Հայոց գրադարանի միությունը (1892 թ., Ֆրեզնո), Հայոց առաջադիմական ընկերությունը (1899 թ., Ֆիլադելֆիա) և այլն: 19-րդ դ. 90-ական թթ. սկսել են գործել նաև հայ քաղաքական կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ) տեղական կազմակերպությունները:
Գրեթե բոլոր հայաշատ քաղաքներում գործում են հայրենակցական միություններ, համահայկական կազմակերպություններն իրենց մասնաճյուղերով` ՀԲԸՄ-ն (ԱՄՆ-ում հիմնվել է 1908 թ. Բոստոնում), ՀՕՄ-ը (հիմնվել է 1910 թ. Նյու Յորքում), ՀՕՖ-ը (ստեղծվել է 1988 թ. երկրաշարժից անմիջապես հետո, Նյու Յորքում), Վարդանանց ասպետներ (ստեղծվել է 1916 թ., Ֆիլադելֆիայում), Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, «Նոր սերունդ», Թեքեյան մշակութային միությունները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ՀՄԸՄ, ՀՄՄ, ՀԲԸՄ հայ երիտասարդաց միությունները, Հայ բժիշկների, ոսկերիչների, փաստաբանների, գրողների միությունները և մի շարք այլ կազմակերպություններ:
Ամերիկահայ կառույցները կարևոր դեր են կատարում Հայ դատի աշխատանքներում: Ամերիկահայ լոբբիստական կազմակերպություններից են Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ, Armenian Assembly of America, հիմնադրվել է 1972 թ.), Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (Armenian National Committee of America-ANCA, հաստատվել է 1983 թ., Վաշինգտոնում):
ԱՄՆ-ի հայերը գործուն մասնակցություն են ունեցել երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Ամերիկահայ գիտնականներն ու մշակութային գործիչներն իրենց ավանդն ունեն ԱՄՆ գիտության և մշակույթի զարգացման գործում:
Ամերիկահայ առաջին աղոթատեղին եղել է ավետարանական Մարտիրոսաց հայ ժողովական եկեղեցին, որը հիմնվել է 1881 թ., Ուստրում՝ Խարբերդի աստվածաշնչային դպրոցի շրջանավարտ Հովհաննես Յազիջյանի նախաձեռնությամբ:
Ամերիկահայոց առաջին հոգևոր հովիվ Հովսեփ վարդապետ Սարաջյանի նախաձեռնությամբ կառուցվել և 1891 թ. օծվել է Ուստրի Ս. Փրկիչ Հայ Առաքելական առաջին եկեղեցին ԱՄՆ-ում:
Ամերիկայի հայ եկեղեցու թեմը հիմնվել է 1898 թ. (օրինական ձևակերպում է ստացել 1902 թ.) Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու հայրապետական կոնդակով:
ԱՄՆ-ում հայկական առաջին դպրոցը` Վարդուկյան վարժարանը, հիմնվել է 1880-ական թթ. վերջին, Նյու Յորքում: Առաջին ամենօրյա դպրոցը` Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային երկրորդական վարժարանը, գործում է 1964 թ.-ից` Լոս Անջելեսում: Ներկայումս ԱՄՆ-ում գործում են ավելի քան 170 կրթօջախներ, 30-ից ավել ԶԼՄ-ներ, մոտ երեք տասնյակ հայագիտական կենտրոններ, ամբիոններ, դասընթացներ, բազմաթիվ մշակութային կենտրոններ, համայնքային կազմակերպություններ, միություններ, հայկական ռադիոհեռուստատեսային ժամեր և հեռուստաալիքներ: Կան հայկական գրատներ, հրատարակչություններ, գրախանութներ, հայկական հրապարակներ, պուրակներ, հուշարձաններ, խաչքարեր, «Հայաստան», «Արմենիա», «Արցախ», նաև անվանի հայերի անուններով փողոցներ, մայրուղիներ: Բոստոն քաղաքում է գտնվում Հայկական ժառանգության այգին:
Հայերի հոսքն Ամերիկա շարունակվում է մինչ օրս եվրոպական երկրներից և հատկապես՝ Մերձավոր Արևելքից:
ԱՄՆ-ում հայկական համայնքն իր մեծությամբ երկրորդն է, իսկ կազմակերպվածությամբ և համայնքային ակտիվությամբ լավագույններից է սփյուռքում:
Ներկայումս ԱՄՆ-ում բնակվում է շուրջ 1 միլիոն 200 հազար հայ, նրանց գրեթե կեսը կենտրոնացած է Լոս Անջելես, Նյու Յորք, Դետրոյտ, Բոստոն, Չիկագո, Ֆիլադելֆիա քաղաքներում: Հայաշատ քաղաքներ են նաև Ֆրեզնոն, Սան Ֆրանցիսկոն, Փրովիդենսը:
ԱՄՆ-ում Հայաստանյայց առաքելական եկեղեցին բաժանված է չորս թեմերի` Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան (առաջնորդանիստը՝ Նյու Յորքի Սբ. Վարդան Մայր տաճար) և Հայաստանյայց առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմերը (առաջնորդանիստը՝ Բըրբենքի Սբ. Ղևոնդ եկեղեցի), որոնք գտնվում են Ամենայն Հայոց կաթողիկոսության հովանու ներքո, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներքո գործող Հյուսիսային Ամերիկայի Արևելյան (առաջնորդանիստը՝ Նյու Յորքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի) և Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմերը (առաջնորդանիսը՝ Հոլիվուդի Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցի): Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործում են նաև Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմը և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը:
Համայնքային կյանքը կազմակերպում են ազգային ավանդական 3 կուսակցությունների` ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի տեղական մարմինները: Գրեթե բոլոր հայաշատ քաղաքներում մասնաճյուղեր ունեն համահայկական կազմակերպությունները` ՀԲԸՄ-ն, ՀՕՄ-ը, Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, «Նոր սերունդ», Թեքեյան մշակութային միությունները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ՀՄԸՄ, ՀՄՄ, ՀԲԸՄ հայ երիտասարդաց միությունները, Հայ երիտասարդների դաշնությունը և այլ կազմակերպություններ` իրենց գեղարվեստական, մարզական խմբերով, ակումբներով ու դպրոցներով:
Գործում են Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (The Armenian National Committee of America (ANCA)), Ամերիկայի հայկական համագումարը (The Armenian Assambly of America) լոբբիստական կազմակերպությունները, ինչպես նաև մի շարք միություններ, հիմնադրամներ, երիտասարդական և այլ կառույցներ, որոնք կարևորագույն դեր են կատարում հայապահպանության, Հայրենիք-սփյուռք գործակցության զարգացման գործում:
ԱՄՆ մի շարք նահանգների` Կալիֆոռնիայի (Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Ֆրեզնո), Հարվարդի, Միչիգանի, Կոլումբիայի, Փենսիլվանիայի համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ: Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Դետրոյթում, Բոստոնում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆիլադելֆիայում, Սաութֆիլդում, Նորթվիլում և այլուր գործում են հայկական ռադիոհեռուստատեսային ժամեր և հեռուստաալիքներ:
ԱՄՆ-ում կան հայկական գրատներ, հրատարակչություններ, գրախանութներ, հայկական հրապարակներ, պուրակներ, հուշարձաններ, խաչքարեր, փողոցներ ԱՄՆ-ի 35-ից ավելի նահանգներում, մայրուղիներ՝ անվանակոչված «Հայաստան», «Արմենիա», «Արցախ», նաև անվանի հայերի անուններով: Մասաչուսեթս նահանգում է գտնվում Հայկական ժառանգության պուրակը:
ԱՄՆ նահանգներից 49-ը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր է ընդունել, իսկ 2019թ. դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև: Մի շարք նահանգներում ապրիլի 24-ը հռչակվել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 7 նահանգային և 2 քաղաքային խորհուրդներ ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը: