Հորդանան
Հայ-հորդանանյան շփումները վաղեմի պատմություն ունեն: Հայերը Պաղեստինի և Հորդանանի տարածքներում հայտնվել են հնագույն ժամանակներից:
Ներկայիս հայ համայնքը հիմնականում ձևավորվել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո, երբ երիտթուրքերի կողմից բռնի տեղահանված արևմտահայերի մի հատված հանգրվանեց Պաղեստինում, որի կազմից 1922 թ. անջատվել և, որպես ինքնուրույն պետական միավոր, ստեղծվել էր Անդրհորդանանը:
Ներկայումս Հորդանանում բնակվում է շուրջ 3000 հայ՝ ներառյալ աշխատանք գտնելու նպատակով Իրաքից, Սիրիայից և Լիբանանից բնակություն հաստատած ոչ մեծաթիվ հայերը: Հայերի մեծ մասը կենտրոնացած է Ամմանում` Ալ-Աշրաֆիե բլրի հայկական թաղամասում (հայ ալ-Արման), Իրբիդում, Զարկայում, Մադաբայում, Քարաքում և Աքաբայում:
Առաջին հայերը Հորդանանում մեծ մասամբ առևտրականներ և արհեստավորներ էին: Ներկայումս Հորդանանի հայերը ևս զբաղվում են զանազան արհեստներով, առևտրով, կան նաև որոշ թվով պետական ծառայողներ, բժիշկներ, դեղագործներ, ուսուցիչներ, ճարտարագետներ և այլն: Հայտնի են հայ ժամագործները, ոսկերիչ-գոհարավաճառները. հայեր են Ամմանի լուսանկարիչների մեծ մասը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Հորդանանի հոգևոր հովվությունը գտնվում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության իրավասության ներքո (կենտրոնը` Ամմանի Ս.Թաթեիոս եկեղեցի): Որպես գործող փոքրամասնություն` հայերին իրավունք է տրվել ունենալու Ազգային Տեղական Խորհուրդ (թաղականություն), որը ներկայացված ու ճանաչված է երկրի պետական ատյաններում և զբաղվում է հայ համայնքի ազգային-եկեղեցական հարցերով:
Հորդանանում գործում է 3 հայկական՝ Հայ առաքելական Ս.Թաթեիոս (Ամմանում), Հայ առաքելական Ս.Կարապետ (Հորդանան գետի ափին` Սուրբ մկրտության վայրում), Հայ կաթողիկե Ս.Սահակ-Մեսրոպ (Ամմանում) եկեղեցիները:
Չնայած Հորդանանի հայ համայնքի փոքրաթիվ լինելուն` տարբեր ժամանակներում ձևավորվել են համայնքի ազգային կյանքը կազմակերպող հասարակական-քաղաքական, մշակութային, մարզական (ՌԱԿ-ի հովանու ներքո` Ազգային մարզական միություն (1955 թ.), Ուաթանի (Watany-հայրենական) մարզական ակումբ, ՀՅԴ հովանու ներքո` Հայ մարմնակրթական ընդհանուր միություն (ՀՄԸՄ Ամմանի մասնաճյուղը) (1936 թ.), միջազգային Կարմիր Խաչի մաս կազմող Հայ օգնության միություն (1965թ.) և բարեգործական կազմակերպություններ, որոնց գործունեության գլխավոր առանցքը հայապահպանությունն է:
Այսօր Ամմանում գործում է միայն Յուզբաշյան-Գյուլբենկյան ամենօրյա ազգային վարժարանը (1962 թ.):