Իրաք
Հայերն Իրաքում հայտնվել են տակավին 7-12-րդ դարերից՝ Աբբասյան խալիֆայության ժամանակ, և Բասրայում ու Բաղդադում հիմնել իրենց համայնքները: Արդեն 1638թ.-ին թուրքական Սուլթան Մուրադ IV-ը Բաղդադը գրավելուց հետո հայերին շնորհել է քաղաքում բնակվելու արտոնություն, որից հետո կազմավորվել է հայ համայնքը: Այն եղել է Միջին Արևելքի ավանդական և բարգավաճ համայնքներից մեկը: Իրաքի առաջին հայկական տպարանը հիմնել են Թադևոսյան եղբայրները` 1874թ., Բաղդադում:
Իրաքահայ համայնքը հատկապես ստվարացել և կազմավորվել է Հայոց ցեղասպանությունից փրկված տարագիրներով: 1920-ականներին Իրաքում ապաստան էր գտել շուրջ 90 հազար հայ: Ավելի ուշ նրանց մի մասը հեռացավ երկրից, մի մասը հայրենադարձվեց Հայաստան:
Մինչև 2003թ. պատերազմը իրաքահայերի թիվը կազմել է մոտ 25.000, որից մոտ 15-17.000-ը բնակվել է Բաղդադում, մնացածը` հիմնականում Բասրա, Մոսուլ, Քիրքուք և հյուսիսային սահմանամերձ Զախո քաղաքներում:
Այժմ իրաքահայերի թիվը 7000-8000 է: Բոլոր իրաքահայերը Իրաքի քաղաքացիներ են, որոնք գործունեություն են ծավալում հիմնականում շինարարության, գիտության, առևտրի, կրթության, առողջապահության, ֆինանսների, կառավարման, սպորտի ոլորտներում: Հայերը խոսում են հայերեն` որպես իրենց մայրենի լեզու, և արաբերեն` որպես պետական լեզու: Նրանք իրենց սոցիալական կեցությամբ շատ մոտ են իրար: Հյուսիսային Իրաքում հայերը դժվարանում են խոսել հայերեն, մեծ մասամբ գործածվում է քրդերենը:
2004թ.-ին վերաբացվել է Բաղդադի Հայոց Ազգային Միացյալ վարժարանը: Սկսել են գործել մեկօրյա վարժարաններ գրեթե բոլոր քաղաքներում (բացի Մոսուլից)։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Իրաքի թեմը կազմավորվել է 1944թ.: Առաջնորդանիստը Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է (1957թ.): Մինչդեռ դեռևս 1640թ. Բաղդադում կառուցվել է Իրաքում առաջին հայկական` Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն ուխտավայր է ոչ միայն հայերի, այլև տեղի մյուս քրիստոնյաների համար: Առաջնորդարանին կից գործում են ազգային ծերանոց, մանկապարտեզ և դպրոց, որտեղ դասավանդվում է հայոց լեզու և գրականություն, կրոն, հայոց պատմություն:
Իրաքի Հայոց թեմն Էջմիածնական է և ունի 10 գործող եկեղեցի, որոնցից 4-ը գտնվում են Բաղդադում:
Իրաքահայության ղեկավար մարմինը Ազգային Կենտրոնական Վարչությունն է, որը համակարգում է համայնքի կրոնական և ազգային գործունեությունը: Նրան ենթակա են Իրաքի բոլոր թաղային կոմիտեները: 1932թ.-ից մինչ օրս համայնքը գործում է ըստ Կանոնադրության (կամ Ազգային սահմանադրության), որը վավերացված է պետության կողմից:
Իրաքի ոչ մեծ հայ կաթողիկե համայնքը ձևավորվել է 17-18-րդ դդ.: Հիմնականում արաբախոս իրաքաբնակ հայ կաթոլիկ համայնքի կենտրոնը մշտապես գտնվել է Բաղդադում: Համայնքն ունի երկու եկեղեցի Բաղդադում՝ Հիսուս Ս. Սիրտ եկեղեցի (1937թ.), Մայր Վերափոխման եկեղեցի (1844 թ.): 1997թ. վերակառուցվել է Հայ կաթողիկե Մայր տաճարը, որը Բաղդադի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է: Այսօր Իրաքում մնացել է 200-250 հայ կաթողիկների ընտանիք:
Իրաքի հայ ավետարանական համայնքը ձևավորվել է Հայոց ցեղասպանության հետևանքով Օսմանյան կայսրության այլ վայրերից ավետարանական հայերի Իրաք գաղթի արդյունքում։
Այլ երկրներ արտագաղթելուց բացի, պատերազմի տարիներին տեղի ունեցած ներքին տեղաշարժի հետևանքով բազմաթիվ իրաքահայեր (հատկապես Բաղդադից և Բասրայից) տեղափոխվել և բնակություն են հաստատել առավել անվտանգ՝ հյուսիսային քրդաբնակ գյուղատիպ շրջաններում: Հյուսիսային Իրաքի գրեթե բոլոր հայերը հայ առաքելական եկեղեցու անդամներ են: Կաթոլիկներն առավել փոքր թիվ են կազմում:
Իրաքում արգելված է քաղաքական կուսակցությունների գործունեությունը (չնայած գործում են ՀՅԴ և ՌԱԿ գրասենյակները), համայնքի գործունեությունը սահմանափակված է բարեգործական և մշակութային ծրագրերով: Ներկայումս Իրաքում գործում են Ազգային Կենտրոնական Վարչությունը, ՀԲԸՄ Իրաքի մասնաճյուղը (1911թ.), ՀՄԸՄ-ի Իրաքի մասնաճյուղը (1951թ.), Բաղդադի Հայ երկսեռ երիտասարդաց միությունը (ՀԵԵՄ) (1926թ.), ՀԵԵՄ-ի մասնաճյուղը Բասրայում (1930թ.), Հայ տիկնանց մշակութային միությունը (ՀՏՄՄ) (1960թ.):
Չնայած նրան, որ պատերազմի տարիներին Իրաքի հայ համայնքը էական վերաձևումների ենթարկվեց, շեշտակիորեն կրճատվեց համայնքի անդամների թիվը՝ հայ համայնքը շարունակեց իր գոյությունը՝ լավ փոխհարաբերություններ պահելով թե՛ սուննի, թե՛ շիա համայնքների և նրանց ղեկավարների, թե՛ քրիստոնյա համայնքների, թե՛ էթնիկ այլ խմբերի, այդ թվում` քրդերի և թուրքմենների հետ: