Սիրիա
Սիրիայում հայերի ներկայությունն ունի հազարամյակների պատմություն: Համաձայն եղած վկայությունների՝ պատմական Ասորիքի տարածքում հայերը հայտնվել են մ.թ.ա. առաջին դարում՝ Տիգրան Մեծի թագավորության օրոք: Սիրիայում նույնիսկ թողարկվում էին հայոց արքայի անունը և պատկերը կրող դրամներ: Դամասկոսում հայկական համայնքի մասին առաջին հիշատակությունը մեզ է հասել 7-րդ դարից, երբ այդ քաղաքը դարձավ Օմայյան խալիֆայության մայրաքաղաքը: Սիրիայում հայերի թիվը սկսել է աճել, հատկապես՝ 9-11-րդ դարերում՝ Բյուզանդական կայսրության կողմից հյուսիսային Սիրիա զգալի թվով հայերի բռնի ներգաղթեցնելու, ապա՝ Բագրատունիների թագավորության անկման 1045թ., սելջուկ-թուրքերի ասպատակությունների 11-րդ դարի կեսեր, իսկ հետագայում նաև Կիլիկյան Հայաստանի անկման (1375թ.) հետևանքով: Օսմանյան կայսրության տիրապետության շրջանում ռազմաքաղաքական և տնտեսական տարբեր դրդապատճառներով տեղի են ունեցել հայերի արտագաղթերը Սիրիայի հյուսիսային տարբեր շրջաններ՝ Հալեպ կենտրոնով: Այստեղ մինչև ցեղասպանություն հաստատված հայերը հայտնի են որպես «արման կադիմ» (հին հայեր), ովքեր հիմնականում կաթոլիկ, արաբախոս հայեր են:
Սիրիահայ ժամանակակից համայնքը ձևավորվել է հիմնականում 1915-1920թթ.` Հայոց ցեղասպանության հետևանքով: Մինչ 2011թ.՝ սիրիական պատերազմի սկիզբը, տարբեր տվյալներով Սիրիայում բնակվում էր շուրջ 100.000 հայ, որի մեծ մասը կենտրոնացված էր Հալեպում (շուրջ 60.000), մնացյալը` Դամասկոսում (շուրջ 6-7.000), Լաթաքիայում, Քեսաբում, Կամիշլիում, Հոմսում, Ռաքքայում, Հասաքեում, Դեյր Զորում և այլ շրջաններում (ավելի քան 30.000): Սիրիական պատերազմի հետևանքով 60.000-ից ավելի հայ հեռացել է Սիրիայից։ Սիրիայում այսօր ապրում են շուրջ 30.000 հայեր, որոնց մեծ մասը՝ Հալեպում: Սիրիայի պատերազմի սկզբից ի վեր Հայաստանն ընդունել է շուրջ 25.000 սիրիահայ։
Սիրիայի իշխանությունների և հասարակության շրջանում հայերը մշտապես ունեցել են բարձր հեղինակություն՝ որպես աշխատասեր և ազնիվ ժողովուրդ: Որպես երկրի լիիրավ և օրինապաշտ քաղաքացիներ` նրանք էապես նպաստել են Սիրիայի հատկապես սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի աշխուժացմանը: Դամասկոսում հայերը հիմնականում ընդգրկված են եղել արդյունաբերության ոլորտում: Եղել են արհեստավորներ, առևտրականներ, գործարանատերեր, պետական պաշտոնյաներ, ուսուցիչներ, բժիշկներ, երաժիշտներ և ճարտարապետներ: Հալեպում, ծովափնյա շրջաններում և Հասաքեում հայերը հիմնականում ընդգրկված են եղել առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության և սպասարկման ոլորտներում: Ունեցել են խանութներ, արդյունաբերական փոքր և միջին ձեռնարկություններ, ռեստորանային բիզնես:
1928թ.-ից հայերը մշտական ներկայություն են ունեցել Սիրիայի օրենսդիր մարմնում, սիրիական բանակում ծառայել են բարձրաստիճան զինվորականներ: Ներկայումս Սիրիայի խորհրդարանն (ՍԱՀ Ժողովրդական ժողով) ունի հայազգի երկու պատգամավոր, որոնց ակտիվ մասնակցությամբ Սիրիայի խորհրդարանը 2020թ.-ի փետրվարի 13-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև՝ միաձայն կողմ քվեարկությամբ։ Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից սիրիական խորհրդարանի օրակարգ բերված բանաձևը հաստատում է հայ ժողովրդի նկատմամբ 20-րդ դարի սկզբին Օսմանյան պետության կողմից իրականացված ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը։
Այսօր Սիրիան Լիբանանից հետո երկրորդ արաբական երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (ի դեպ, դեռևս 2015 թ. մարտի 17-ին Սիրիայի Ժողովրդական ժողովը հատուկ նիստ էր գումարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և հարգանքի տուրք մատուցել ավելի քան մեկուկես միլիոն զոհերի հիշատակին)։
Սիրիայում հայերն ունեն կրոնական փոքրամասնության կարգավիճակ: Սիրիայի հայ համայնքի կազմակերպման, հայեցի դաստիարակության և հայապահպանման գործում անուրանալի դեր ունի հայ եկեղեցին: Սիրիայի կառավարությունը քրիստոնեական եկեղեցին համարում է տվյալ փոքրամասնության վարչական մարմինը և ներկայացուցիչը պետական ատյաններում: Սիրիայում գործում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Դամասկոսի թեմը (առաջնորդանիստը՝ Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցի) և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո (Հալեպի) թեմը (առաջնորդանիստը՝ Հալեպի Քառասուն Մանկունք եկեղեցի, 13-րդ դ.): Գործում են նաև Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիները՝ իրենց առաջնորդարաններով:
Բերիո թեմը Կիլիկիո կաթողիկոսության երկրորդ մեծ և հնագույն թեմն է: Այնտեղ գործում է Ջեզիրեի առաջնորդական փոխանորդությունը, իսկ մնացած հայաբնակ շրջանները և Հալեպի թաղերը կառավարում են թաղական խորհուրդները: Դամասկոսի թեմը կազմավորվել է 15-րդ դարի կեսին՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքության կողմից և մինչև 1929թ. գործել է նրա ենթակայության ներքո: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության վերակազմավորման համար 1929թ.-ին Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Բեյրութի և Կիպրոսի թեմերի հետ Կիլիկիո աթոռին է փոխանցել նաև Դամասկոսի թեմը: 1956թ.-ին թեմը չի ճանաչել կաթողիկոսի ընտրությունը, հրաժարվել է ենթարկվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը և միացել Մայր աթոռ Ս. Էջմիածնին:
Սիրիայի հայ ավետարանական համայնքը ձևավորվել է 19-րդ դարի կեսին, որի կենտրոնը գտնվում է Հալեպում։ Հայ ավետարանական համայնքներ կան նաև Սիրիայի այլ հայաշատ բնակավայրերում՝ Դամասկոսում, Քեսապում, Հոմսում և այլուր։
Սիրիայի Հայ Կաթոլիկ Եկեղեցին Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետևորդ հայերի հանրությունն է: Որպես առանձին կառույց և եկեղեցական նվիրապետություն՝ Հայ Կաթոլիկ եկեղեցին կազմավորվել է 1740թ.՝ Հալեպում: Հայ կաթողիկե համայնքը Դամասկոսում սկսել է ձևավորվել 1760-ականներին: 1946թ. կաթողիկե համայնքի ժողովրդապետին տրվեց պատրիարքական փոխանորդության տիտղոս:
Սիրիայում գործում են հայ երեք ավանդական կուսակցությունների ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի և ՌԱԿ-ի տեղական մարմինները, սակայն Սիրիայում ազգային կուսակցությունների գործունեությունն արգելված լինելու պատճառով՝ վերջիններս գործում են մշակութային կազմակերպությունների անվան ներքո:
Սիրիայի հայ համայնքի հոգևոր, մշակութային, ազգային և հասարակական կյանքի կազմակերպմանն ու զարգացմանն են նպաստել ազգային կառույցները, որոնք գլխավորապես կենտրոնացված են Հալեպում (ՀԲԸՄ, Ազգային Մշակութային Միություն, Հայ Կաթողիկե Միություն): Հայաբնակ բոլոր վայրերում գործում են մշակութային և երիտասարդական միությունները, մշակութային խմբերը՝ պարախմբեր, երգչախմբեր, նվագախմբեր, թատերախմբեր, մարզական կառույցները և ակումբները (ՀՄՄ, ՀՄԸՄ, ՀԵԹ)։ Գործում են Հալեպի հայագիտական հիմնարկը, գրադարանները, հիվանդանոցները, ազգային պատսպարանը /մանկատունը/, Հայ ծերանոցը, Սիրիահայ գրողների միությունը: Բարեսիրական շրջանակներում գործում են ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի (Սիրիայի հայ Օգնության Խաչ` ՍՕԽ), «Հովարդ Կարագյոզյան» հաստատության, Ջինիշյան Հիշատակի բարեգործական հիմնադրամի տեղական մարմինները։ Հալեպում լույս է տեսնում Ազգային Առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը: Գործում է Հալեպի «Ռադիո Երազ» ռադիոկայանը։ Հայ եկեղեցիների, ազգային կուսակցությունների, հայկական բարեգործական, հայրենակցական, կրթական և մշակութային կազմակերպությունների հովանու ներքո գործում են նաև հայկական կրթօջախներ:
Նույնիսկ պատերազմական ծանր պայմաններում վերը նշված կառույցները և կազմակերպությունները, Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակել են իրենց գործունեությունը։ Մինչ 2011թ. պատերազմը Սիրիայի հայ համայնքում գործել է 30-ից ավելի եկեղեցի, վանք և մատուռ, շուրջ 30 վարժարան: /ներկայիս թվերը թարմացվում են/ 2011թ. մարտին սկիզբ առած պատերազմը չշրջանցեց նաև ազգային հզոր նկարագիր և կառույցներ ունեցող Սիրիայի հայաշատ պատմական համայնքը՝ պատճառելով անդառնալի մարդկային և նյութական ահռելի կորուստներ: Չնայած ազգային կառույցների գործադրած մեծ ջանքերին՝ հնարավոր չեղավ կանխել հայության մեծաթիվ արտագաղթը Սիրիայից: Գրեթե հայաթափվեցին Դեյր Զորի և Ռաքքայի նահանգները: Դեյր Զորում փակվեց ՀՀ պատվավոր հյուպատոսությունը, մասնակի կամ հիմնովին թալանվեցին, ավիրվեցին կամ ոչնչացվեցին հայկական մի շարք հասարակական շինություններ, գործարաններ, խանութներ, մշակութային կենտրոններ, վարժարաններ, գերեզմանատներ, եկեղեցիներ, բազմաթիվ և տարաբնույթ հուշարձաններ, մասնավորապես՝ Հալեպում, Քեսաբում և այլուր, այդ թվում՝ 2014թ.-ին սեպտեմբերի 21-ին ավերվեց Հայոց ցեղասպանության նահատակների մասունքներն ամփոփող Սրբոց Նահատակաց եկեղեցին Դեյր Զորում։ Ցավոք, առայժմ վերջնականորեն չեն ամփոփվել համայնքի կրած թ'ե նյութական, և թ'ե մարդկային կորուստները:
Սիրիական ճգնաժամի առաջին օրերից Սփյուռքում ստեղծվել են սիրիահայերի աջակցության կառույցներ, կազմակերպվել են հանգանակություններ: Հայաստանը մի քանի օդանավ մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա։ Սիրիայի հայաշատ քաղաքներում ստեղծվել են «Սիրիահայության շտապ օգնության և վերականգնումի» մարմիններ՝ համայնքային բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Այսօր որոշ չափով կայունացած խաղաղությունը և երկրի կարևորագույն ենթակառուցվածքների մասնակի վերականգնումը հայերին Սիրիա վերադառնալու հնարավություն է տվել: Իրենց հերթին սիրիական իշխանությունները, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հանձն են առել սիրիահայ համայնքի շուտափույթ վերականգնման անհետաձգելի առաքելությունը: