Բելգիա
Բելգիայում հայերը, որոշ աղբյուրների համաձայն, հաստատվել են միջնադարում, սակայն հայկական համայնքներ ձևավորվել են հիմնականում 1915-1923 թթ. և դրանից հետո:
Ներկայումս համայնքում հայերի թվաքանակը շուրջ 25000 է, որոնց գերակշիռ մասը Հայաստանից տեղափոխվածներ են:
Հայկական ամենամեծ համայնքները Բրյուսելում և Անտվերպենում են: Հայերի թվաքանակը համեմատաբար մեծ է նաև Մեխելենում, Կորտրիկում և Լիեժում, սակայն հայեր կան երկրի մոտ 138 բնակավայրում: Երկրում գործում են մեկօրյա դպրոցներ, լրատվամիջոցներ, մշակութային խմբեր և այլն:
Բելգիայում գործում են Հայ Առաքելական և Ավետարանական եկեղեցիներ: 1990 թ. մայիսի 7-ին Բրյուսելում բացվել և օծվել է Սուրբ Մարիա Մագդաղենացի հայ առաքելական եկեղեցին, որը Բելգիայի հայերի առաջին հոգևոր կառույցն է: Կանոնավոր պատարագներ են անցկացվում Անտվերպենում, Լիեժում և Մեխելենում, իսկ ոչ կանոնավոր՝ նաև մի շարք այլ քաղաքներում:
Հայ Ավետարանական եկեղեցին հիմնվել է 1991թ. Բրյուսելում: Քարոզչությունը կանոնավոր կերպով անցկացվում է նաև Անտվերպենում, Հասելտում և Լիեժում: Եկեղեցին ունի շուրջ 500 հետևորդ:
Բելգիայում կա նաև փոքրաթիվ կաթողիկե համայնք, սակայն չկա Կաթողիկե եկեղեցի:
Բելգիայի հայերի կոմիտեն Բելգիայում գործող ամենահին հայկական կառույցն է, որը ստեղծվել է 1922 թ.՝ ի սկզբանե կրելով «Բելգիահայ գաղութային վարչություն» անվանումը, սակայն հետագայում անվանափոխվել է «Բելգիայի հայերի կոմիտե»:
Հայերը Բելգիայում հիմնականում ներգրավված են առևտրի, շինարարության և սպասարկման ոլորտներում: Կան քիչ թվով մանր և միջին գործարարներ, իրավաբաններ, երաժիշտներ, գրականագետներ, նկարիչներ, սպորտի բնագավառի մասնագետներ:
Բելգիայի Թագավորության Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշում (1998 թ.):
Բելգիայում հայկական համայնքը հատուկ իրավական կարգավիճակ չունի: