Կանադա
Հայերը Կանադայում բնակություն են հաստատել 19-րդ դարի 80-ական թթ. սկսած: Այս երկրում հայերի բնակեցումը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը կապված է եղել Օսմանյան կայսրությունում հայերի վիճակի, ԱՄՆ-ից հայերի տեղաշարժի, Կանադայում արդյունաբերական զարգացման, ինչպես նաև աշխատուժի անհրաժեշտության հետ:
Առաջին հայ ներգաղթողը համարվում է Կարապետ Ներկարարյանը, որը 1887 թ. հաստատվել է Օնտարիո նահանգի Պորտ Հոպ գյուղաքաղաքում: 1890 թ. Հյուսիսային Օնտարիոյում հանքային հետազոտություններ է ձեռնարկել Ա. Շահինը: 1904 թ. Քվեբեկում է հաստատվել նահանգի առաջին հայ բնակիչներից Ազիզ Սարաֆյանը:
1892 թ. Կանադա է գաղթել 37, իսկ 1895 թ.՝շուրջ 100 հայ: Սկզբնական շրջանում հայերն այստեղ են եկել դրամ վաստակելու նպատակով և որպես բանվորներ աշխատել են Կանադան դեպի Խաղաղ օվկիանոսի ափ տանող երկաթուղու (Canadian Pacific) շինարարության վրա: Սակայն 19-րդ դ. վերջին թուրքական բռնությունների հետևանքով հայ գաղթականները ընտանիքներով են եկել Կանադա:
Մինչև Հայոց ցեղասպանությունն այստեղ հայերի թիվը հասել է 1800-ի: Նրանք մեծ մասամբ եղել են Քղիից, Վանից, Մուշից, Խարբերդից, Երզնկայից և հիմնականում հաստատվել են բանվորական ուժի կարիք ունեցող Բրենտֆորդ, Համիլտոն, Սենտ Կաթրինզ, Պրեստոն արդյունաբերական կենտրոններում:
Հայոց ցեղասպանությունից հետո հայերի գաղթը նվազել է, քանի որ կանադական կառավարությունը հայերին դիտել է որպես ասիացիներ և տարբեր պատճառներով սահմանափակել նրանց մուտքը երկիր: Բացառություն է եղել կառավարության հատուկ արտոնությամբ Հունաստանի Կորֆու կղզու որբանոցից Կանադայի հայկական նպաստամատույց ընկերակցության (Armenian Relief Association of Canada) ջանքերով 1923-1924 թթ. բերված 8-12 տարեկան 100 հայ որբերի մուտքը Կանադա, որոնք հաստատվել են Օնտարիո նահանգի Ջորջթաունի (այստեղից էլ՝ «Ջորջթաունի տղաներ» անվանումը) որբանոց-երկրագործական դպրոցում:
Ըստ կանադական ներգաղթի վիճակագրական տվյալների՝ 1900-1930 թթ. Կանադա է մուտք գործել 3100 հայ, որոնց մոտ 75 տոկոսը հաստատվել է Օնտարիո, 20 տոկոսը՝ Քվեբեկ նահանգներում, մնացյալը` տարբեր քաղաքներում: Մինչև 1948 թ. Կանադայի ներգաղթի օրենքներն արգելել են տարագիրների զանգվածային մուտքը: 1931-1949 թթ. Կանադա է մուտք գործել ընդամենը 74 հայ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վիճակը փոխվել է: 1946 թ. Կանադան անդամակցել է Տարագրյալների միջկառավարական հանձնաժողովին և հանձն է առել ընդունել Եվրոպայի բազմաթիվ վտարանդիների: 1948 թ. ստեղծված Կանադական հայկական կոնգրեսի (Canadian Armenian Congress), ջանքերի, ինչպես նաև Կանադայի ներգաղթի օրենքների մեղմացման շնորհիվ հազարավոր հայեր եկել են Կանադա: 1970-ական թթ. հայերի թիվը հասել է 30.000-ի:
Կանադայում հայերի թիվն աճել է հիմնականում Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Թուրքիայից, Հունաստանից, Խորհրդային Հայաստանից, այնուհետև Հայաստանի երրորդ Հանրապետությունից գաղթածների հաշվին:
Կազմավորման օրերից համայնքի ազգային կյանքը կազմակերպել են ազգային քաղաքական կուսակցությունների (ՍԴՀԿ, ՀՅԴ, ՌԱԿ) տեղական մարմինները, հայրենակցական, բարեգործական, մշակութային, մարզական, երիտասարդական կազմակերպությունները` Պոլսահայ մշակութային միությունը, Հայաստանից արտագաղթածների Երևան-էրեբունի, պարսկահայերի «Րաֆֆի» մշակութային-հայրենակցական միությունները, Զեյթունի հայրենակցական միությունը, Մոնրեալի եգիպտահայերի ընկերակցությունը, ՀԲԸՄ, ՀՕՄ, Նոր սերունդ, Թեքեյան, Համազգային մշակութային միությունների, ՀՄԸՄ-ի մասնաճյուղերը, Կանադայի հայ ուսանողների միությունը, ՀՅԴ-ի երիտասարդական միությունը, Հայ դատի հանձնախումբը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի մասնաճյուղը, «Արցախ» հիմնադրամը, Կանադայի հայ առևտրականների խորհուրդը, Մալխասյան հիմնարկությունը, Հայկական ժամանակակից հետազոտությունների և վավերագրման Զորյան հիմնարկությունը և մի շարք այլ կազմակերպություններ:
Գործում են նաև թատերական-գեղարվեստական խմբեր, պարախմբեր, երգչախմբեր, լույս են տեսնում հայերեն ամենօրյա թերթեր, շաբաթաթերթեր և հանդեսներ:
Կանադայում հայերն ակտիվ մասնակցություն ունեն երկրի տնտեսական, մշակութային, գիտական կյանքում: Հայտնի հայերից են բժիշկ Ջոն Բասմաճյանը, տնտեսագետ Ալբերտ Սաֆարյանը, օրգանական քիմիայի պրոֆեսոր, գյուտարար Ստեփան Հանեսյանը, ֆիզիկոս Արա Մուրադյանը, աստղաֆիզիկոս Արշավիր Գյոնճյանը, ճառագայթային բժիշկ Հարություն Արզումանյանը, արդյունաբերող Զավեն Մեսրոպյանը, պատմաբան Գևորգ Բաղճյանը, դիվանագետ Հայկ Սարաֆյանը, Կանադայի խորհրդարանի անդամ, Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Սարգիս Ասատուրյանը և այլոք:
Երկրի մշակութային կյանքում հայտնի են Կանադայի նկարիչների Արքայական միության անդամ Արման Թաթոսյանը և նկարչուհի Անահիտ Աբրահամյանը, աշխարհահռչակ լուսանկարիչներ Ցուսուֆ Քարշը, Արթին Գավուքը, կինոռեժիսոր Ատոմ էգոյանը, դաշնակահարներ Նորայր Արթինյանը և Գրիգոր Շահվերդյանը, խմբավարներ Րաֆֆի Արմենյանը և Նուրհան Արմանը և այլոք:
Կանադայում գործում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերը: Իրենց եկեղեցիները, կրթական ու մշակութային կառույցներն ունեն նաև հայ կաթոլիկ և ավետարանական համայնքները:
Կանադայում հայկական եկեղեցական կառույցները կազմավորվել են 1940-1950-ական թթ., որոնք համախմբել են համայնքը: Առաջին հայկական եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորիչն է, որը կառուցվել է 1930 թ., Սենտ Կաթրինզում:
Հայաստանյայց Առաքելական եկեղեցու պաշտոնական ճանաչման դիմումը Կանադայի իշխանությունները ստորագրել են 1957 թ.: 1967 թ. ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Թորգոմ արք. Մանուկյանի և թեմական խորհրդի որոշմամբ ստեղծվել է Կանադայի Հայ եկեղեցու փոխանորդություն, նշանակվել առաջնորդական փոխանորդ:
1984 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով կազմավորվել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Կանադայի թեմը: Թեմի կազմավորումից առաջ հայ համայնքի հոգևոր կարիքները հոգացել է ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդարանը:
1970-ական թթ. Կանադայում սկսել են հաստատվել պետական ծրագրով գործող հայկական ամենօրյա վարժարանները: Առաջին հայկական դպրոցը գործել է 1919 թ., Սենտ Կաթրինզում, առաջին ամենօրյա հայկական դպրոցը եղել է Արմեն Քեպեք-Ալեք Մանուկյան վարժարանը (հիմնվել է ՀԲԸՄ-ի կողմից 1970 թ., Մոնրեալում):
Ներկայումս գործում են «Նարեկ», ՀՕՄ-ի, Ալեք Մանուկյանի «Արմեն Քվեբեկ», վարժարանները, շաբաթօրյա ու կիրակնօրյա դպրոցներ:
2003 թ. հայերի թիվը եղել է 60-65 հազար: Այսօր Կանադայում բնակվում է շուրջ 90.000 հայ: Նրանք հիմնականում ապրում են Մոնրեալ, Տորոնտո, Վանկուվեր, Քվեբեկ, Սենթ Կաթրինզ, Օտտավա և այլ քաղաքներում: Կանադահայ համայնքը հիմնականում կազմված է Մերձավոր Արևելքից ներգաղթածների առաջին և երկրորդ սերնդի ներկայացուցիչներից, ինչով և բացատրվում է հայախոսության բարձր տոկոսը: Կան նաև երրորդ և չորրորդ սերնդի ներկայացուցիչներ, որոնք գրեթե ամբողջությամբ անգլախոս կամ ֆրանսախոս են: Նկատվում է կանադահայ համայնքի շարունակական աճ հիմնականում Մերձավոր Արևելքի երկրներից:
Հայերը Կանադայում հիմնականում ընդգրկված են արդյունաբերության, գիտության, բարձր տեխնոլոգիաների, առևտրի, ֆինանսների ու կառավարման, ինչպես նաև առողջապահության ոլորտներում:
Կանադան վարում է բազմամշակութային քաղաքականություն, քաջալերում է փոքրամասնությունների ազգային նկարագրի պահպանումը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերում համայնքներին, այդ թվում՝ հայկական կրթական հաստատություններին:
Հայկական հրապարակներ, պուրակներ, հուշարձաններ, խաչքարեր, փողոցներ կան Կանադայի տարբեր քաղաքներում՝ Մոնրեալում, Յորքում, Տորոնտոյում, Լավալում, Վանկուվերում և այլուր:
2002 և 2015 թթ. Կանադայի Սենատը, իսկ 2004 թ.` Խորհրդարանը ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշումներ: