Իսպանիա
Իսպանիայում, ըստ որոշ աղբյուրների, հայկական փոքրաթիվ համայնքներ ձևավորվել են դեռևս 18-րդ դարում՝ Կադիսում, Առաջին աշխարհամարտի տարիներին՝ Մադրիդում:
Համայնքը ստվարացել է հատկապես 1991-ից հետո ՀՀ-ից տեղափոխված հայերի ընդգրկումով: Ներկայումս, ըստ ոչ պաշտոնական տվյալների, նրանց թիվը 40 հազար է:
Հայերը բնակվսւմ են Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում, Ալիկանտեում, Մալագայում, Լա Ռիոխայում, Սան Սեբաստիանում, Բիլբաոյում, Սեվիլիայում և դրանց շրջակա քաղաքներում: Գործում են տասնյակ հայկական կառույցներ, այդ թվում` լրատվամիջոց, մեկօրյա դպրոցներ: Իսպանիայում շատ են գյուղատնտեսության, շինարարության, առևտրի ոլորտներում աշխատող հայերը:
Հայ համայնքը չունի իրավական հատուկ կարգավիճակ:
Հայ Առաքելական եկեղեցին Իսպանիայում ունի իր հոգևորականը, սակայն հայերը սեփականության իրավունքով եկեղեցի չունեն: Ներկայում պատարագները մատուցվում են՝ վարձակալելով կաթողիկե եկեղեցիները:
2009 թ. Բարսելոնի մերձակա Կալոնժե քաղաքի տեղական եկեղեցական իշխանությունների հետ ձեռք էր բերվել համաձայնություն` 30 տարի ժամկետով վարձակալելու մի մատուռ, որը պետք է ծառայեր որպես Հայ Առաքելական եկեղեցի: Նույն թվականին եկեղեցում կատարվել է առաջին արարողությունը, սակայն ներկայում եկեղեցին չի գործում:
Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիներ Իսպանիայում չեն գործում. Հայ Առաքելական եկեղեցին արդարադատության նախարարությունում գրանցված է որպես կրոնական գործունեություն ծավալող իրավաբանական անձ:
Իսպանիայի մոտ 3 տասնյակ քաղաքների քաղաքային խորհուրդներ ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին բանաձևեր: