Չիլի
Չիլիի հայ համայնքը սկսել է կազմավորվել 1930-ական թվականներից: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը երկրում բնակվել է մոտ 100 հայ, որոնք հիմնականում Մեծ եղեռնից փրկված գաղթականներն էին և կենտրոնացած էին Սանտյագոյում:
1950-ական թթ. հայերը Չիլի են գաղթել Հունաստանից, Թուրքիայից, Պաղեստինից, ինչպես նաև Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներից:
Ներկայումս Չիլիում բնակվում է 1000-1300 հայ (զգալի թիվ են կազմում արաբախոսները): Մայրաքաղաք Սանտյագոյից բացի՝ հայեր կան նաև Օսոռնո, Սան Բեռնարդո, Պուենտե Ալտո և այլ քաղաքներում. նրանք առավելապես արդյունաբերողներ և առևտրականներ են:
Ազգային կյանքը գլխավորում է համայնքային վարչությունը, որին կից գործում է Տիկնանց միությունը: Հայերի միակ հավաքատեղին Սանտյագոյի «Հայ տունն» է:
Համայնքն ունի իր ֆուտբոլային թիմը, երգչախումբը, գործում է «Արմենիա» կայքէջը:
Չիլիի Պուերտո Վիլյամս քաղաքում է գտնվում «Արմենիա» հրապարակը, որտեղ տեղադրված խաչքար կա, բացի դրանից` Սանտյագոյում կան նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի քանի հուշարձաններ:
Չիլիի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2007 թ.-ի հունիսի 5-ին, իսկ 2016 թ.-ի ապրիլին դատապարտել է ադրբեջանական հարձակումը Արցախի Հանրապետության վրա: