Կուբա
Կուբայում հայերը բնակություն են հաստատել 20-րդ դարի սկզբին ՝ Հայոց ցեղասպանության արդյունքում, նրանք Արևմտյան Հայաստանի գավառներից և Կ. Պոլսից եկած գաղթականներ էին։ 1920-40-ական թթ. Կուբայում կար շուրջ 500 հայ` կենտրոնացած Հավանայում, Լաս Տունաս և Վիլա Հոլգին քաղաքներում:
Համայնքը ղեկավարել է Գաղութային միությունը: Գործել են ՀՅԴ տեղական կազմակերպությունը, ՀՕԿ-ի և ՀՕՄ-ի մասնաճյուղերը, Հայուհյաց միությունը, մալաթիացիների, տիգրանակերտցիների և այլ հայրենակցական միությունների մասնաճյուղեր, Հայ առաջադիմական միությունը, որը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և աջակցել երկրի հակաֆաշիստական պայքարին:
Այստեղ հայերը զբաղվել են տարբեր արհեստներով` ներկարարությամբ, կոշկակարությամբ, եղել են նաև մանր առևտրականներ և պաշտոնյաներ: Հայերը Կուբայում գործածության մեջ են դրել մածունը:
Հայերի մեծամասնությունը հեռացել են Կուբայից 1960-ականներին, Կուբայի հեղափոխությունից հետո։ Ներկայումս Կուբայում կազմակերպված հայ համայնք չկա, շուրջ 80 հայ ապրում է Հավանա, Լաս Տունաս և այլ քաղաքներում: