Սաթենիկ Մինասյան
Ես Սաթենիկ Մինասյանն եմ, 25 տարեկան եմ: Ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում։
Դեռահասության տարիքից ուզում էի հասկանալ, թե որտեղից է գալիս իմ գոյության հիմքն ու ազգային արմատներիս ճանաչողության մեջ գտա բոլոր հարցերիս պատասխանները։
Ավարտել եմ Մոսկվայի Գ.Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանը՝ քաղաքագիտություն մասնագիտությամբ: Նույն համալսարանում վերապատրաստման դասընթացների եմ մասնակցել՝ «Մուլտիմեդիա լրագրություն» մասնագիտությամբ։
Մոսկվայում ուսումնառությանս զուգահեռ ներգրավված եմ եղել տեղի հայկական մի շարք կազմակերպություններում։
Դեռևս 16 տարեկանից հետաքրքրված եմ եղել համայնքային կյանքով, մաս եմ կազմել Դոնի Ռոստովի հայկական երիտասարդական եկեղեցական կազմակերպության, շուրջ 2 տարի անդամակցել: Համալսարանն ավարտելուց հետո վերադառնալով՝ որպես թղթակից` աշխատեցի լրատվական կայքերի ցանցում: Ներկայում SMM-մասնագետ եմ և copywriter, 2019-ից Դոնի հայ երիտասարդների միության (այսուհետ՝ ԴՀԵՄ) ակտիվ անդամ։
Կազմակերպությունում զբաղեցնում եմ առաջատար պաշտոններ և ղեկավարում եմ տարբեր ոլորտներ։
ԶԼՄ-ների հետ աշխատանքի և մամուլի կենտրոնի պատասխանատուն եմ։
Ղեկավարում եմ «Օրիորդ» կանանց ակումբը, ինչպես նաև «ODJAH» կինոակումբը։
Իմ գործունեության բոլոր ոլորտներում պատասխանատու եմ միջոցառումների կազմակերպման և հանրային կապերի համար: Իմ գլխավորությամբ իրականացված վերջին խոշոր նախագծերից մեկը «Դոնի Ռոստովում հայկական կինոյի տարին» էր, որը կազմակերպվել էր Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ։ Ամեն ամիս հայ կինոռեժիսորների հետ սերտ համագործակցության շնորհիվ մենք ոչ կոմերցիոն հիմունքներով կազմակերպում ենք ժամանակակից հայրենական ֆիլմերի ցուցադրություններ քաղաքի լավագույն կինոդահլիճներում։
Որպես Սփյուռքի երիտասարդ դեսպան՝ նպատակ ունեմ իմ մասնակցությունն ունենալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգման գործընթացներում, ինչպես նաև գործընկերներիս հետ միասին նպաստել աշխարհի հայ համայնքների միջև փոխգործակցության ընդլայնմանը: