Հունան Ղուլյան
Ես Հունան Ղուլյանն եմ։ Ծնվել եմ Հրազդանում: 4 տարեկանից ապրում եմ Ռուսաստանի Դաշնությունում։
Ավարտել եմ Նիժնի Նովգորոդի պետական բժշկական ակադեմիան` ատամնաբույժի մասնագիտությամբ։ Ունեմ արդեն 10 տարվա պրակտիկ աշխատանքային գործունեություն, բացի դրանից՝ օրթոպեդիկ ատամնաբուժություն եմ դասավանդում համալսարանում։ Երկրորդ բարձրագույն կրթությունս պետական և մունիցիպալ կառավարումն է:
Ինչքան ինձ հիշում եմ, մշտապես հետաքրքրվել եմ իմ Հայրենիքի պատմությամբ՝ փորձելով ճանաչել այն մեծ ճանապարհը, որով անցել է իմ ժողովուրդը։
Բայց 2016 թվականից ամեն ինչ փոխվեց։ Պարզ դարձավ, որ տեսությունից պետք է անցնել գործնականի։ Այդ ժամանակ մեզ հաջողվեց կազմակերպել առաջին հայկական սթրայքբոլի թիմերից մեկը։ 2 տարի անց մենք վերածվեցինք «Գեղարդ» հասարակական կազմակերպության, որն այսօր ունի հստակ կանոնադրություն և անդամավճար: Այն ուղղվում է սպորտի, կրթության, մշակույթի, կրոնի, լրատվամիջոցների ոլորտում համակարգչային նախագծերի իրականացմանը։
Հպարտություն են հաղորդում մեր կազմակերպության կողմից ի աջակացություն հայ ուսանողների իրականացվող «Կրթաթոշակի ծրագիրը» և մարտարվեստի դպրոցը, որտեղ դասընթացներն անցկացվում են ռուսերեն և հայերեն լեզուներով։
Այսօր ես Նիժնի Նովգորոդի հայ համայնքի և «Գեղարդ» հասարակական կազմակերպության խորհուրդների անդամ եմ։
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակներում, հուսով եմ, որ հնարավոր կլինի կամուրջներ կառուցել Սփյուռքի և, ամենակարևորը, հայության էպիկենտրոնի` Հայաստանի հետ: