Աննա Սիմոնյան
Ես Աննա Սիմոնյանն եմ, մեծացել եմ Բելգիայում, լիովին ինտեգրվել եմ բելգիական հասարակությանը, բայց ծնողներիս շնորհիվ հավատարիմ եմ մնացել իմ հայկական ինքնությանը: Նրանք են ինձ հայոց լեզու սովորեցրել, քանի որ իմ քաղաքին մոտ ոչ մի հայկական դպրոց կամ ակտիվ համայնք չկար և դեռ չկա: Ահա թե ինչու, հայ լինելուս իրական գիտակցությունը չեմ ունեցել, մինչև 15 տարեկանում առաջին անգամ Հայաստան գալս։
Կրթությունս ստացել եմ Բրյուսելի համալսարանում՝ քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների և միջազգային մարդասիրական օգնության ուղղություններով։ Ուսանողական տարիներից ակտիվ ներգրավվածություն եմ ունեցել համալսարանի հայ ուսանողական միություններում, ժողովրդական պարի խմբերում և համայնքային կյանքում:
2021 թվականին ստեղծվեց Բելգիայի հայերի կոմիտեի երիտասարդական հանձնաժողովը։ Որպես խորհրդի անդամ՝ ես պատասխանատու եմ ամենօրյա խնդիրների լուծման համար, բացի դրանից՝ հայ երիտասարդների շրջանում կազմակերպում եմ մեր ազգային արմատների ճանաչողությանը, միմյանց հետ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանին և հայ ժողովրդին օգտակար լինելու նպատակ հետապնդող միջոցառումներ:
Ես, իսկապես, ուրախ եմ, որ Սփյուռքի երիտասարդ դեսպանների ընտանիքի մի մասնիկն եմ և իմ հայրենակիցների աջակցությամբ, հույս ունեմ, ավելի ամուր կամուրջներ կառուցել մեր հայրենիքի, Բելգիայի հայ երիտասարդության և աշխարհի մյուս հայ համայնքների միջև: