Մարի Գազազյան
Ես Մարի Գազազյանն եմ։ Ասել, որ ես Բուլղարիայից եմ, ճիշտ չի լինի, այդուհանդերձ, 3 տարեկան էի, երբ մենք Երևանից տեղափոխվեցինք այնտեղ։
Դեռահասության տարիքում արտերկրում սովորելու ցանկություն էի զգում, և այսպես սկսվեց տարբեր մշակույթներ բացահայտելու իմ ճանապարհը: Ես ապրել եմ Անգլիայում, Ֆրանսիայում և Չինաստանում։ Սովորել եմ գիշերօթիկ դպրոցում, այնուհետև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բարձրագույն կրթական հաստատություններում: Ունեմ բակալավրի կոչում միջազգային բիզնեսի և տնտեսագիտության ոլորտում, մագիստրոսի կոչում՝ քաղաքային և տարածաշրջանային պլանավորման ոլորտում: Այս ընթացքում բացահայտեցի այլ մշակույթներ և մտքի գանձարաններ, սակայն սեփական մշակույթիս հետ կապը հեռու էր երազածիցս:
Սոֆիայի հայ համայնքը համեմատաբար փոքր էր։ Ես հայկական դպրոց չեմ հաճախել, երբեք մտերիմ հայ ընկերներ չեմ ունեցել։ Այնուամենայնիվ, միշտ ձգտել եմ հայ մնալ և լինել հայության մեջ։ Եղել եմ ՀՄԸՄ սկաուտների, Փարիզում ՀԲԸՄ-ի երիտասարդական համայնքի, ինչպես նաև Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարի ակտիվ անդամ ու մասնակից:
«Քովիդ-19»-նն ինձ վերադարձրեց Բուլղարիա: Ես ակտիվորեն նպաստեցի ՀԲԸՄ-ի գործունեությանը Սոֆիայում՝ ի վերջո դառնալով վարչության անդամ: Ես նաև Բուլղարիայի առաջնորդների և ձեռնարկատերերի ասոցիացիայի անդամ եմ: Քոփիռայթինգի և բրենդինգի գործակալության հիմնադիր եմ, ակտիվ մասնակցություն ունեմ մենթորական ծրագրերում:
Չնայած իմ բոլոր ջանքերին՝ հասկացա, որ գիտելիքների պակաս ունեմ Սոֆիայի հայ համայնքը հզորացնելու համար և, երբ իմացա «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասին, որոշեցի բաց չթողնել դրան մասնակցելու հնարավորությունը:
Մի բան վստահ գիտեմ՝ եթե անգամ ապրում ես Լոս Անջելեսի ամենահայկական թաղամասում, ամեն օր լավաշ ես ուտում ու Կոմիտաս լսում, միևնույնն է, միայն Հայաստանում է, որ իսկապես քեզ պատկանելի ես զգում քո արմատներին և ժառանգությանը: Հայաստան ու նաև Արցախ իմ այցելություններով ես ուժավորված վերադարձա համայնք, որ ակտիվացնեմ այն ու իմ գործունեությամբ նպաստեմ Հայաստանի ու Արցախի հետ կապերի ամրապնդմանը: