Մհեր Սարիբեկյան
Ես Մհեր Սարիբեկյանն եմ, ծնվել եմ Երևանում: Երբ չորս տարեկան էի, ընտանիքս մշտական բնակության տեղափոխվեց ԱՄՆ՝ Ռոդ Այլենդ նահանգ:
Տասը տարեկանից ծառայել եմ Պրովիդենս քաղաքի Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ Հայ Առաքելական Եկեղեցիներում՝ որպես դպիր, հետագայում՝ որպես կիսասարկավագ։
Պրովիդենսի մշակութային և համայնքային կյանքում միշտ եղել եմ ակտիվ անդամ, ինչպես նաև A.C.Y.O.A-ի (Ամերիկայի Հայ Եկեղեցու Երիտասարդական Կազմակերպության) անդամ:
2010 թվականին ավարտել եմ Ռոդ Այլենդի համալսարանը (URI)՝ ստանալով համակարգչային գիտության բակալավրի աստիճան:
2014-ին՝ որպես մեր եկեղեցու ծխական խորհրդի անդամ, նախաձեռնեցի եկեղեցուն կից հայկական նոր դպրոցի հիմնադրումը։
2018 թվականին, ստանալով աշխատանքի առաջարկ, տեղափոխվեցի Հյուսիսային Կարոլինա նահանգ։
Ներկայումս աշխատում եմ որպես վեբ պրոդուկտի մենեջեր: Տեղափոխվելուց հետո դարձա նոր համայնքի անդամ և շուտով ընտրվեցի որպես Շառլոտ քաղաքի Սբ. Սարգիս Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհրդի անդամ: Այստեղ մենք զբաղվում ենք եկեղեցու վարչական, կառուցվածքային և ֆինանսական հարցերով: Համայնքի օգնությամբ, ի աջակցություն Հայաստանի և Արցախի, կազմակերպում ենք դրամահավաք-միջոցառումներ՝ հայկական փառատոներ, ներկայացնում ենք հայկական կերակրատեսակներ և մեր ազգային մշակույթը:
2022 թվականի հոկտեմբերին, աշխատելով ծխական խորհրդի և համայնքի հետ, Շառլոտում հիմնեցինք Սբ. Սարգիս հայկական դպրոցը։
Որպես Սփյուռքի երիտասարդ դեսպան՝ նպատակ ունեմ ամրապնդել մեր համայնքի կապերը Հայաստանի հետ՝ կառուցելու ավելի ուժեղ, առաջադեմ և ապահով հայրենիք, ունենալու կենսունակ և տեղեկացված հայկական սփյուռք և, ի վերջո, խթանելու հայրենադարձությունը: