Էլիտա Բաբայան
Մանկությունն ու պատանեկությունը Էլիտան անցկացրել է Ռուսաստանում, սակայն հայրենիքի և հայոց լեզվի հանդեպ սերը որոշիչ է դարձել Հայաստանում հաստատվելու որոշման կայացման հարցում։ Ընդունվելով Երևանի Հայբուսակ համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը՝ այն ավարտել է գերազանցությամբ։
Ավարտելուց անմիջապես հետո աշխատել է Ռուսաստանի Տաշիր ընկերությունների խմբի ֆինանսական և աուդիտի բաժնում՝ որպես ֆինանսիստ։ Այնուհետև, շուրջ 5 տարի զբաղվել է ֆինանսական լրագրությամբ, մասնավորապես՝ լուսաբանել է բանկերի և վարկային կազմակերպությունների, ապահովագրական և ներդրումային ընկերությունների գործունեությունը, Հայաստանի ֆոնդային շուկան։ Միաժամանակ նա զբաղվում էր Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների վարկանիշային աղյուսակների կազմմամբ՝ «Գլոբալ Ռեյթինգ» միջազգային կազմակերպության դուստր ձեռնարկությունում։
Վերջին 5 տարիներին զբաղվել է հասարակական գործունեությամբ։ 2 տարի աշխատել է որպես «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Մոսկվայի մասնաճյուղի ղեկավարի օգնական։ Այնուհետեւ ղեկավարել է կազմակերպության կենտրոնական գրասենյակի տեղեկատվական ծառայությունը։ Միևնույն ժամանակ ներգրավված է եղել Մոսկվայի կառավարության հետ համատեղ անցկացվող խոշոր միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում։ Միաժամանակ լուսաբանել է Հայ իրավաբանների ասոցիացիայի գործունեությունը։ 2020 թվականին անցել է որակավորման դասընթաց Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանում:
«Ինձ շատ է հետաքրքրում գիտությունը բիզնեսի վերածելու ալքիմիան։ Շատ եմ ցանկանում հաստատվել Հայաստանում և իմ գիտելիքներն ու հմտությունները կիրառել նորարարությունների կառավարման ոլորտում։ Ես հաստատ գիտեմ, որ ամեն ինչ արվում է հանուն լավ ապագայի»:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն ՊՈԱԿ, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն։