Մարիամ Հովհաննիսյան
Մարիամ Հովհաննիսյանը ծնվել է Երևանում, բայց կյանքի մեծ մասն ապրել է Ռուսաստանում։ Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, մասնագիտությամբ դրամատիկական թատրոնի և կինոյի դերասանուհի է Վահե Շահվերդյանի արհեստանոցում։
Իր կարիերան սկսել է Երևանում՝ նկարահանվելով ֆիլմերում, աշխատելով հայկական թատրոնի տարբեր բեմադրություններում։ 2012 թվականին ստեղծեց իր առաջին ռեժիսորական աշխատանքը։ 2013 թվականին մեկնելով Հայաստանից՝ շարունակել է ուսումը և աշխատել Մոսկվայի տարբեր թատրոններում, շարունակել է նկարահանվել արտասահմանյան արտադրության ֆիլմերում և հեռուստասերիալներում։
Ավարտել է տեսախցիկի հետ աշխատելու կուրսեր, զբաղվել է վոկալով, խաղացել էլ մյուզիքլներում, դասավանդել։ Չնայած երկարատև բացակայությանը՝ պարբերաբար վերադարձել է հայրենիք։ Իր կյանքի գլխավոր նպատակն է համարում Հայաստանում արվեստի զարգացումը՝ փորձի փոխանակման և փոխազդեցության միջոցներով։ 2019 թվականին Դիլիջանում կազմակերպել է մեծ միջազգային կինոլաբորատորիա՝ 16 երկրների արտիստների և ռեժիսորների մասնակցությամբ։ «Ես միշտ հավատացել եմ, որ էքսպերիմենտներն ու համատեղ նախագծերը կարող են փոխել մեր իրականությունը»։
2020 թվականի ճակատագրական պատերազմը փոխեց բոլոր ծրագրերը, և նա մնաց այստեղ՝ մեծ հավատով և փոփոխություններ իրականացնելու պատասխանատվությամբ։
Մարիամը «իԳործ» ծրագիրը համարում է բացառիկ հնարավորություն՝ երկրի համար այս դժվարին պահին հայրենադարձ մասնագետների մեծ թիմի կազմում հայրենիքի համար հնարավորինս օգտակար լինելու համար։
«Երջանիկ եմ «իԳործ» թիմում լինելու համար»:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։