Կարինե Գրիգորյան
Կարինե Գրիգորյանը ծնունդով Ռուսաստանի Դաշնության Չիտա քաղաքից է։ Կյանքի մեծ մասն անցկացրել է Ռուսաստանում, ապրել է նաև Արցախում։
Բարձրագույն կրթությունը ստացել է Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքի Կովկասի ժողովուրդների բարեկամության ինստիտուտում և ստացել տնտեսագիտության մասնագետի որակավորում։
Հաշվապահ-տնտեսագետ Կարինեն իր կարիերան սկսել է Ստավրոպոլ քաղաքի հայտնի խմիչքների արտադրության գործարանում և մոտ 7 տարի աշխատել է նույն ոլորտում, որից հետո ևս մի քանի տարի՝ տուրիզմի ոլորտում։
Ռուսաստանում կայուն աշխատանք, ընտանիք, ընկերներ ունենալով հանդերձ` Կարինեն տեղափոխվեց Հայաստան՝ կառուցելու իր նոր կյանքը Երևանում։
«Եթե նոր կյանք, ապա նաև նոր աշխատանքային ոլորտ։ Պետք չէ վախենալ փոփոխություններից ու նոր մարտահրավերներից։ Եթե մեզանից յուրաքանչյուրն իր լուման ներդնի հանուն հայրենիքի, մեր երկիրը կունենա լավ ապագա։ Ես մեծ ուրախությամբ ընդունել եմ իմ կյանքի այս փոփոխությունները, Հայաստանում կազմել եմ արդեն իմ ընտանիքը և շարունակելու եմ իմ աշխատանքով ու փորձով օգտակար լինել իմ հայրենիքին»։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։