Տիգրան Հովհաննիսյան
Ես Տիգրան Հովհաննիսյանն եմ՝ 22 տարեկան: Ծնվել և մեծացել եմ Բելգիայում։ Ծնողներս Բրյուսել են տեղափոխվել Գյումրիից:
Բրյուսելում միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսումս շարունակել եմ UCL-ում՝ Լուվենի կաթոլիկ համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Այս պահին ուսանողական տարկետում եմ վերցրել. մասնագիտանում եմ ներքին և միջազգային բեռնափոխադրումներում՝ զարգացնելով ծնողներիս հիմնած ընտանեկան գործը:
Հայրենիքը, հայկական արժեհամակարգը, մշակույթը, լեզուն ես ճանաչել և սովորել եմ մեր ընտանիքում՝ ծնողներիս հորդորով և օրինակով:
2020 թվականը դարձավ բեկումնային իմ՝ որպես հայ, գիտակցության և ինքնաճանաչման մեջ: Արցախին հումանիտար օգնություն փոխանցելու նպատակով` ես ինձ համար բացահայտեցի Բելգիայի հայկական համայնքի հասարակական և կրթամշակութային կենտրոնը՝ «Հայի Տունը»: Ներկայումս ես կենտրոնի ակտիվ անդամ եմ, ներգրավված եմ հատկապես մշակութային, կրթական-ժամանցային միջոցառումների կազմակերպման աշխատանքներում։ Առանձնահատուկ կարևորում եմ այն միջոցառումները, որոնք կազմակերպում ենք ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների: Մեր համայնքի և մասնավորապես իմ առաջնահերթ ծրագրերից են ոչ միայն մարդասիրական օգնությունը, այլև Արցախի մշակութային ժառանգության պահպանումը և արցախահայության իրավունքների պաշտպանումը։
2022 թ. ես միացա համայնքի հայկական երիտասարդական կոմիտեին՝ որպես ակտիվ անդամ: Աստիճանաբար աճեց համայնքի կյանքում իմ ներգրավվածությունը:
2023 թ. ընտրվել եմ «Հայի Տան» ղեկավար խորհրդի փոխնախագահ՝ 4 տարի ժամկետով: Իմ առաքելությունն եմ համարում նպաստել համայնքում հայկական մշակույթի, հայեցի կրթության և դաստիարակության, հայկական արժեքների տարածմանը և հայրենիքի հետ կապի ամրապնդմանը:
2024 թ. դարձել եմ Բելգիայի հայերի կոմիտեի անդամ։
Մասնակցելով «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին` ես ցանկանում եմ ձեռք բերել նոր փորձ հայրենիքի և մեր համայնքի միջև ավելի ամուր կապեր ստեղծելու համար, նաև նպատակ ունեմ ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ իմ հայրենիքի և ազգային տեսլականի վերաբերյալ: