Էմիլ Պետրոսյան
Ես Էմիլ Պետրոսյանն եմ: Ծնվել եմ Երևանում 1988 թվականին: Արդեն 19 տարի է` բնակվում եմ Իսպանիայի Թագավորությունում՝ Անդալուսիայի մայրաքաղաք Սևիլիայում:
Միջնակարգ կրթությունս շարունակել եմ Սևիլիայի Մակարենայի անվան ուսումնարանում, որն ավարտելու առթիվ՝ Իսպանիայի թագավորն ինձ շնորհել է ավարտական դիպլոմ:
Պապիկիս արհեստը շարունակելու նպատակով՝ ընդունվել եմ Անդալուսիայի Խորհրդի Բաց Այլընտրանքային Ասոցիացիան, ավարտել Իսպանիայի կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված «Ատաղձագործի և կահույքի վերանորոգման» եռամյա դասընթացը:
2020 թվականին, ավարտելով Սալվադոր Տավորայի անվան բարձրագույն ուսումնական հաստատությունը, ստացել եմ ավագ տեխնիկի կոչում զբոսաշրջային կացարանների ոլորտում:
2021-2022 թթ. ֆուտբոլային մրցաշրջանում եղել եմ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանի ադապտերն ու պաշտոնական թարգմանիչը Իսպանական Կադիս ֆուտբոլային ակումբում: Զուգահեռ եղել եմ այլ ֆուտբոլիստների թարգմանիչ և օգնական:
2019 թ. դեկտեմբերի 26-ին համատեղ ուժերով ստեղծել ենք Սևիլիայի «Էրեբունի» հայ համայնքը, և այդ օրվանից հանդիսանում եմ համայնքի խորհրդի անդամ, թեպետ մինչ այդ էլ մշտապես ներգրավված եմ եղել հայերին, հայկականությանը վերաբերող հարցերում:
Մեծ ջանքերի շնորհիվ ստեղծված մեր համայնքը մեզ թույլ տվեց 2022 թվականին ստեղծել նաև Մեսրոպ Մաշտոցի անվան երկար սպասված կիրակնoրյա դպրոցը:
Այս տարիների ընթացքում երբեք չեմ մոռացել մեր մայրենին, պահպանել եմ մեր ավանդույթները, մեր կրոնն ու ծիսակատարությունները և ներկայացրել օտար ազգերի շրջանում:
Մասնակցելով «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին, ստանալով նոր գիտելիքներ և հմտություններ, փորձ իմ ընկերներից՝ նպատակ ունեմ ծառայեցնել դրանք համայնքին և իսպանահայությանը՝ մեր առջև դրված խնդիրները լուծելու և նպատակային ծրագրերն իրականացնելու համար:
Պատրաստ եմ արդարացնել այս արժանապատիվ կոչումն ու գործել՝ իմ ներդրումն ունենալով համայնքում ազգային ինքնության պահպանման դժվարին գործում: Այո՛, դժվարին, քանի որ օտար ափերում այս գլոբալիզացիայի և ինտեգրացիայի պայմաններում շատ դժվար է պահպանել ազգայինը՝ քո լեզուն, քո մշակույթը, և կարող եմ հավաստիացնել, որ ամենաառաջնահերթ խնդիրներից մեկը հայ երիտասարդներին իրենց արմատներին մոտ պահելն է: