Արգինե Բադալյան
Ես Արգինե Բադալյանն եմ` 29 տարեկան Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց երկրամասի Քոբլենց քաղաքից։
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի գերմանական բանասիրության բաժինը՝ սկզբում ստանալով բանասիրության բակալավրի աստիճան և գերմաներեն լեզվի ուսուցչի որակավորում, ապա նույն մասնագիտությամբ՝ մագիստրոսի աստիճան։
Ներկայումս Գերմանիայի Քոբլենցի համալսարանի բանասիրության և մշակութաբանության ինստիտուտի «Мedia sciences» բաժնի ասպիրանտ եմ, զբաղվում եմ գերմանախոս մեդիայում միգրացիայի դիսկուրսի ուսումնասիրությամբ։ Զուգահեռ աշխատում եմ նույն համալսարանում՝ որպես համալսարանի միջազգայնացմանն ուղղված ծրագրերից մեկի համակարգող։ Հանդիսանում եմ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կրթաթոշակակիր։
Համայնքային իմ աշխատանքը սկսվեց Քոբլենց քաղաքում «ՄՈՆԹԵ» հայկական կրթօջախի հիմնադրմամբ։ Բացի հայերենի, հայրենագիտության և մշակույթի ուսուցումից՝ մեր սաների հետ (որպես համայնք) ներկայացնում ենք հայկական մշակույթը Քոբլենցում տեղի ունեցող տարբեր միջոցառումների ժամանակ։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից՝ ցանկանում եմ ոչ միայն նպաստել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների խորացմանը, գերմանահայ համայնքի ավելի ակտիվ գործունեությանը, երիտասարդական միությունների համագործակցությանն ու միասնական հարթակի ստեղծմանը, այլ նաև զբաղվել Սփյուռքում գործող հայկական կրթօջախներում առկա խնդիրների վերհանմամբ և հնարավորության դեպքում դրանց լուծմամբ։