Գոհար Գալուստյան
Ես Գոհար Գալուստյանն եմ՝ 32 տարեկան: Ապրում եմ Ֆրանսիայում՝ Մոնպելիե քաղաքում: Անցած տարի պաշտպանել եմ դոկտորական ատենախոսությունս սահմանադրական իրավունքի վերաբերյալ: Դասախոսում եմ Գրենոբլեի և Լիոնի իրավաբանական ֆակուլտետներում և, միևնույն ժամանակ, նույն ֆակուլտետների գիտական աշխատող եմ:
Ֆրանսիայի հայ իրավաբանների միության խորհրդի անդամ եմ: Միությունում գործունեության շրջանակներում համագործակցում եմ ոչ միայն ծագումով հայ, այլ նաև տարբեր երկրներում գործունեություն ծավալող իրավաբանների հետ, մասնավորապես՝ գիտական հետազոտություններ ենք կատարում միջազգային իրավունքի ոլորտում Արցախի կարգավիճակին վերաբերող հարցերի շուրջ, ինչպես նաև աշխատում ենք եվրոպական կառույցների հետ հայկական հարցը միջազգային մակարդակում բարձրացնելու նպատակով:
Օկսիտանիա շրջանի և Մոնպելիե քաղաքի հայ համայնքի ղեկավարի տեղակալն եմ: Այս շրջանակներում աջակցում եմ հայկական սփյուռքի զարգացմանը, ինչպես նաև ֆրանսիական հասարակությանը ծանոթացնում հայկական մշակույթին: Այս նպատակով Ֆրանսիայի հայ համայնքի ներակայացուցիչների հետ նախաձեռնում և մասնակցում եմ բազմաթիվ նախագծերի:
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից՝ կցանկանայի զարգացնել կապը ինչպես Ֆրանսիայի և ողջ աշխարհի հայ համայնքների, այնպես էլ Հայաստանում գործող ինստիտուտների և հայ հասարակության միջև: