Արմինա Մամիկոնյան
Ես Արմինա Մամիկոնյանն եմ: Ծնվել եմ Հայաստանում՝ Վանաձորում: 4 տարեկանից ապրում եմ Ռուսաստանում: Մասնագիտությամբ լրագրող եմ, հասարակական գործիչ, ВДНХ-ի (Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդես) «Հայաստան» տաղավարի գեղարվեստական ղեկավարը:
Ի՞նչով եմ ես զբաղվում Մոսկվայի կարևոր կետերից մեկում: Պատրաստում եմ Հայաստանի տաղավարը տարբեր միջոցառումների համար, ապահովում եմ կապը հասարակության և լրատվամիջոցների հետ, պատրաստում գովազդային հոլովակներ:
Չնայած նրան, որ ավելի շատ զբաղվում եմ հասարակական գործունեությամբ, պետք է խոստովանեմ, որ նախկին լրագրողներ չեն լինում: Լրագրության ոլորտում 13 տարվա փորձ ունեմ, որից 10-ը՝ հայկական ԶԼՄ-ներում:
Իմ հաշվարկով ավելի քան 200 հասարակական միջոցառումներ եմ կազմակերպել Մոսկվայում՝ ուղղված հայկական մշակույթի պահպանմանն ու հանրահռչակմանը և մոսկվաբնակ հայության միջև կապերի ամրապնդմանը:
8 տարվա հասարակական գործունեության ընթացքում ինձ հաջողվել է ստեղծել ամուր կապեր նույն ոլորտում գործող հայկական և ռուսական կազմակերպությունների միջև:
Մոսկվայի «Loft» հայկական երիտասարդական կենտրոնի տնօրենն եմ եղել: Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ հատկապես կարևոր է համագործակցությունը հայկական երիտասարդական կազմակերպությունների և ուսանողական միավորումների հետ: Բավական մեծ աշխատանքային փորձ ունեմ Մոսկվայի համալսարանների հայկական երիտասարդական միավորումների հետ և վաստակել եմ նրանց վստահությունը:
Ի՞նչու եմ զբաղվում հասարակական գործունեությամբ և ի՞նչ եմ պատրաստվում անել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակներում: Նախ ցանկանում եմ իմ օրինակով ցույց տալ, թե որքան կարևոր է պահպանել կապը Հայաստանի հետ այն ծրագրերի միջոցով, որն իրականացնում է մեր հայրենիքը: Այնուհետև ցանկանում եմ Ռուսաստանի հայ երիտասարդներին ընդգրկել այդ ծրագրերում, ցույց տալ, թե որքան կարևոր է ինքնության պահպանումը: Ցանկանում եմ նաև համայնքում տարածել այն գաղափարը, որ յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել հայ համայնքին: