Քրիստինա Ալեքսանյան
Ես Քրիստինա Ալեքսանյանն եմ: Ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում՝ Տվերում: Այս տարի ավարտեցի Տվերի պետական բժշկական համալսարանը՝ բժիշկ-մանկաբույժ մասնագիտացմամբ և պատրաստվում եմ դիմել օրդինատուրա: Չնայած միշտ ամուր կապեր եմ ունեցել Հայաստանի հետ՝ սակայն ինձ միշտ չի բավականացրել լեզվի, ավանդույթների իմացությունը և հայրենակիցների հետ համախմբվածությունը: Հենց դա էր պատճառը, որ համալսարանում ուսանելու առաջին իսկ օրվանից սկսեցի համագործակցել իմ հայրենակիցների հետ, մասնակցել տարբեր ազգային միջոցառումների:
Լինելով բաց ամեն նորի առաջ և ունենալով ցանկություն լինել հայ համայնքի մի մասը՝ որոշեցի դառնալ մեր քաղաքի հայ համայնքի անդամ: Այժմ Տվերի «Արարատ» հայկական ազգային-մշակութային ինքնավարության «Ուրարտու» երիտասարդական ասոցիացիայի անդամ եմ: Մեր համայնքում ես մասնակցում եմ տարբեր միջոցառումների և ծրագրերի կազմակերպչական աշխատանքներին: Դրա շնորհիվ ես կարողացա խորությամբ ծանոթանալ Հայաստանի պատմությանը, բարելավել լեզվի իմացությունը և ամենակարևորը, ծանոթանալ այնպիսի մարդկանց հետ, ում հետ ընդհանուր հետաքրքրության շրջանակ ունեմ:
Կարծում եմ, որ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին մասնակցությունն ինձ կօգնի ընդլայնել մեր համայնքի հորիզոնները, ամրապնդել կապերը Հայաստանի և մեր համայնքի միջև, ներգրավել ավելի շատ մարդկանց և մեր հայրենիքին ավելի մոտ դարձնել Ռուսաստանի Դաշնության Տվեր քաղաքում։