Ինեսա Ներսիսյան
Ինեսա Ներսիսյանը Հայաստան է տեղափոխվել Շվեդիայից: Մասնագիտությամբ քաղաքագետ է։ Ավարտել է Ուփսալայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը` ստանալով բակալավրի աստիճան զարգացման գիտություններում (Development studies)։
Երկու տարի աշխատել է Շվեդիայի միգրացիայի պետական գործակալությունում (Swedish Migration Agency)՝ որպես քննիչ, գործի պատասխանատու և որոշումներ նախապատրաստող տարբեր քաղաքներում և բաժանմունքներում: Այնուհետև մեկ տարի աշխատել է Ուփսալայի քաղաքապետարանում՝ որպես աշխատաշուկայի քարտուղար: Իր վերջին աշխատանքային փորձը Գետենբուրգ քաղաքում շուրջ 2 տարի էր՝ Շվեդիայի զբաղվածության պետական գործակալությունում որպես գործի պատասխանատու (case officer): Մեկ տարի լինելով ՄԱԿ-ի Կանայք Շվեդիա (United Nations Women Sweden) կազմակերպության համակարգողն Ուփսալայում՝ ստացել է կարևոր փորձառություն կազմակերպչական ոլորտում: Նա նաև հիմնել և վարում է «Swedish Armenian» սոցիալական հարթակը:
Ինեսան հանդիսանում է Շվեդիայում հայկական միությունները համակարգող կենտրոնի խորհրդի անդամ: Կարևորում է իր աշխատանքը Ուփսալայի հայկական մշակութային միությունում, որտեղ խորհրդի անդամ է:
Դառնալով սփյուռքի երիտասարդ առաջին դեսպանը Շվեդիայում 2021-2022 թթ․՝ իրականացրել է, մասնավորապես, հայապահպանությանն ու հայրենադարձությանն ուղղված ծրագրեր Շվեդիայում: Նա նաև հանդիսանում է M.A.M. կրթական հարթակի դեսպան:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։