Արամ Ոսկանյան
Արամ Ոսկանյանը ծնվել է ք․ Երևանում։ Երկար տարիներ բնակվել է Մոսկվայում։ Ունի միջազգայնագետ-քաղաքագետի և տնտեսագետի որակավորումներ։ Ավարտել է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանն ու ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։ Հանդիսանում է քաղաքական գիտությունների թեկնածու։
Աշխատանքային գործունեությունը ծավալել է մի շարք ոլորտներում։ Մինչև «իԳործ» ծրագրին մասնակցելն ու Հայաստան տեղափոխվելն՝ աշխատել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում՝ որպես դեսպանի՝ մեդիա հարցերով խորհրդատու։ Դասավանդել է երեք մոսկովյան բուհերում «քաղաքական հաղորդակցություն», «ժամանակակից տեղեկատվական հասարակություն» և «միջազգային հարաբերությունների դերակատարներ» առարկաները։ Որպես լրագրող և խմբագիր աշխատել է նաև մի շարք ռուսաստանյան լրատվամիջոցներում։
2009թ․-ից հանդես է եկել որպես ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի փոխնախագահ։ Աշխատանքային գործունեության ընթացքում ղեկավարել է մեկ տասնյակից ավելի ծրագրեր՝ ուղղված Հայաստանում Հազարամյակի զարգացման նպատակների/Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ու մոնիթորինգին, միգրացիոն հոսքերի կառավարմանը և համայնքային զարգացմանը։
Ունի վստահության ամրապնդման միջոցների, բանակցությունների և հաղորդակցության, մարդու իրավունքների և փոփոխության տեսության ոլորտներում դասընթացավարի միջազգային որակավորում։
Հանդիսանում է քաղաքական հաղորդակցության, քաղհասարակության և մեդիագրագիտության ոլորտներին առնչվող 14 գիտական հոդվածի հեղինակ։
2023թ․ սեպտեմբերից աշխատանքի է անցել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում։