Իննա Սայադյան
Ես Իննա Սայադյանն եմ, 23 տարեկան։ Ծնվել եմ Հայաստանում՝ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում։ Հինգ տարեկանում ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Մոսկվա։
2023 թվականին նա ավարտել է երկու համալսարան՝ Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանը և Կոսիգինի անվան Ռուսաստանի պետական համալսարանը՝ սոցիոլոգիա մասնագիտությամբ։
Չնայած այս ոլորտներում ունեցած կրթությանը՝ ես պրոֆեսիոնալ վոկալիստ եմ և ավելի քան 11 տարի զբաղվում եմ երաժշտությամբ: 2019 թվականին ընդգրկվեցի աշխարհի լավագույն զուգերգերի տասնյակում՝ ըստ «The Voice Global»-ի։ Ես «X-Factor Armenia» հեռուստաշոուի արծաթե մեդալակիր եմ և ռուսական «Ձայնը» հեռուստաշոուի մասնակից, որտեղ կատարել եմ հայկական ժողովրդական երգ՝ մշակված Կոմիտաս Վարդապետի կողմից: Կատարումը լայն տարածում գտավ օտարազգի ունկնդիրների շրջանում։ Կարևոր և անհրաժեշտ եմ համարում իմ կատարումներով տարածել հայկական երաժշտության գեղեցկությունը և մեր երկրի մշակույթը՝ դրանով իսկ նպաստելով դրա հանրահռչակմանը միջազգային ասպարեզում։
2019 թվականից համագործակցում եմ դաշնային մարմնի՝ Մոսկվայի բնակչության աշխատանքի և սոցիալական պաշտպանության վարչության հետ, ինչի արդյունքում տարածաշրջանային և միջազգային մակարդակով երաժշտական և վոկալ մրցույթների ժյուրիի անդամ եմ։ Իմ գործունեության համար արժանացել եմ շնորհակալագրերի՝ միջոցառումներին ցուցաբերած աջակցության համար։
2019 թվականից ակտիվորեն մասնակցում եմ Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Հայ երիտասարդական միության աշխատանքներին։ 2021 թվականին նշանակվել եմ միության մշակութային և կրթական բաժնի վարիչ, որի շրջանակներում հիմնել եմ հայոց լեզվի ուսուցման դասընթաց։
Ես նաև սկսել եմ մի շարք միջոցառումներ և հանդիպումներ հայազգի հաջողակ անհատների հետ՝ հայ երիտասարդներին հետագա մասնագիտական զարգացման համար օգտակար տեղեկատվություն փոխանցելու նպատակով: Հասարակական գործունեություն ծավալելու ընթացքում համագործակցում եմ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնի, ՎԴՆԽ-ի «Հայաստան» տաղավարի, Ռուսաստանի հայերի միության և այլ կազմակերպությունների հետ։
Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ 2020 թվականից սկսած, ես կազմակերպում եմ բարեգործական միջոցառումներ՝ ի աջակցություն մեր զինվորների և Հայաստանի, հաջողությամբ կազմակերպել եմ 5 բարեգործական դրամահավաք։
2014թ.-ից Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու «Հայորդեաց տուն» հայկական կիրակնօրյա դպրոցի ակտիվ անդամ եմ:
Մասնակցելով «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին, ես ձգտում եմ զարգացնել մեր միությունը, ինչպես նաև Մոսկվայի հայկական սփյուռքի մշակութային և կրթական ոլորտը։ Ես բարձր եմ գնահատում այս ծրագրին մասնակցելու հնարավորությունը և կներդնեմ բոլոր ջանքերը՝ նպաստելու իմ երկրի զարգացմանը։
Հայ լինելը մեծ երջանկություն է, միաժամանակ՝ հսկայական պատասխանատվություն։ Համոզված եմ, որ հայկական հստակ գաղափարախոսությամբ համատեղ աշխատանքը բերելու է անհերքելի դրական արդյունքների։