Գայանե Կարապետյան
Ես Գայանե Կարապետյանն եմ, 24 տարեկան, ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում՝ Տվեր քաղաքում: 2023 թվականին ավարտել եմ Տվերի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։ Հիմա սովորում եմ օրդինատուրայում՝ բժիշկ-թերապևտի մասնագիտությամբ։
Ունեմ կամավորական աշխատանքի փորձ, 2015 թ. մինչև 2020 թ. եղել եմ «Волонтеры Победы» համառուսաստանյան հասարակական շարժման Տվերի մասնաճյուղի անդամ: Մասնակցել եմ քաղաքային տարբեր հայրենասիրական միջոցառումներին:
Ծնողներիս դաստիարակության շնորհիվ հայերեն եմ խոսում, գրում ու կարդում եմ, պատմություն եմ ուսումնասիրում, հարգում եմ մեր մշակույթն ու ավանդույթները: 2018 թվականից ամեն տարի համալսարանի հայերի հետ ներկայացնում եմ հայկական մշակույթը Տվերի պետական բժշկական համալսարանի ազգային մշակույթների ամանորյա փառատոնում: Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ նորից ուզում եմ զբաղվել հասարակական աշխատանքով և դառնալ քաղաքի հայ ակտիվ երիտասարդության մաս, ուստի հաջորդ մեծ քայլն ինձ համար համայնքին միանալն էր:
2023 թվականի սեպտեմբերից Տվերի Հայ ազգային-մշակութային «ԱՐԱՐԱՏ» ինքնավարության կազմում գործող «Ուրարտու» երիտասարդական ասոցիացիայի անդամ եմ: Մասնակցում եմ մեր համայնքի կողմից կազմակերպված քաղաքային մշակութային տարբեր միջոցառումներին, օգնում եմ կազմակերպել կլոր սեղաններ՝ նվիրված հայոց պատմությանն ու մշակույթին: Հայրենակիցների հետ շփվելու և ազգամիջյան միջոցառումներին մասնակցելու շնորհիվ ես սկսեցի զգալ, որ իմ կապը Հայաստանի հետ ավելի է ամրապնդվում։
Կարծում եմ, որ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրում ձեռք բերված գիտելիքները կօգնեն բարելավել համայնքի աշխատանքների կազմակերպումը՝ լուծելու այն կարևորագույն խնդիրները, որոնք են հայ ժողովրդի միասնությունը, մեր ավանդույթների և ինքնության պահպանումը, ինչպես նաև համայնքի և Հայաստանի կապերի ամրապնդումը: