Անի Մարգարյան
Ես Անի Մարգարյանն եմ, ծնվել եմ Երևանում։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բնակիչ եմ վերջին ութ տարիների ընթացքում:
Նախքան Չինաստան տեղափոխվելը՝ փորձ եմ ձեռք բերել արվեստի գնահատման և ազգագրության ոլորտներում՝ ներգրավվելով արվեստի տարբեր կենտրոններում և հաստատություններում, օրինակ՝ «Տերյան» մշակութային կենտրոնում: Այնուհետև հիմնել եմ իմ սեփական արվեստի խանութ-ցուցասրահը՝ համախմբելով մոտ 100 հայ արվեստագետների։ Համահեղինակել եմ նաև հայկական տեսողական և կատարողական արվեստի պահպանմանն ուղղված նախագծեր, ինչպիսիք են «Սարի աղջիկ» հայկական ժողովրդական երգը և լավաշը։
Ունեմ արվեստի պատմության բակալավրի, մագիստրոսի և դոկտորի կոչումներ և հայկական արվեստը և Հայաստանի և Չինաստանի միջև պատմամշակութային կապերը ուսումնասիրելու տասնամյա փորձ: Ներկայումս ես աշխատում եմ որպես ասպիրանտ Չինաստանի նշանավոր համալսարաններից մեկում՝ «Soochow University»-ում, որտեղ ներգրավված եմ հետազոտական նախագծում: Այն կենտրոնացած է հայկական ավանդական հագուստի առանձնահատուկ հատկանիշների և Մեծ Մետաքսի ճանապարհի հետ դրա կապերի բացահայտման ուղղությամբ:
Հեղինակել եմ ավելի քան 20 հոդված անգլերենով և չինարենով՝ խորասուզվելով չին-հայկական և չին-արևմտյան մշակութային փոխազդեցությունների թեմաներում: Բացի այդ՝ ես երկու վերլուծական կայքերի հիմնադիր ու բովանդակության հեղինակ եմ: Մեկը մանրակրկիտ ուսումնասիրում է չինական ազդեցությունն արևմտյան վիզուալ մշակույթում (www.chinamericanart.com), իսկ մյուսը կենտրոնանում է չին-հայկական մշակութային փոխանակումների վրա (www.chinarmart.com) և հանդիսանում է Չինաստանի Հայ ուսանողական ասոցիացիայի տեղեկատվական գործընկերը:
Հայկական մշակույթը խթանելու իմ հանձնառությունն ավելի ակնհայտ է դառնում Չինաստանի տարբեր քաղաքների ակադեմիական և հասարակական համաժողովներում ունեցած դասախոսություններով: Այս դասախոսությունները ոչ միայն տեղեկացրին չինացի լսարանին հայկական մշակույթի մասին, այլ նաև նպաստեցին մեր ժառանգության ավելի խորը ըմբռնմանը և գնահատմանը: Տարիների ընթացքում ես արժանացել եմ մի քանի կրթաթոշակների, այդ թվում՝ Ցզյանսուի կառավարության կրթաթոշակին 2021 թվականին և Նանջինգի քաղաքապետարանի օտարերկրյա ուսանողների կրթաթոշակին 2017 թվականին: 2023 թվականին Նանջինգի նորմալ համալսարանի մրցույթում արժանացել եմ առաջին մրցանակին անգլերեն կարճ պատմվածքի՝ «Անցնելով Մետաքսի ճանապարհը» պատվածքի համար:
Որպես Չինաստանում սփյուռքի երիտասարդ դեսպան՝ ես հանձնառու եմ պահպանել և առաջ մղել հայկական ինքնությունը մեր հայրենիքից հեռու՝ ստեղծելով մնայուն հարթակներ: Ես ձգտում եմ աջակցել Չինաստանի հայ համայնքին՝ բացահայտելով նրանց կարիքները և ծանոթացնելով հայրենիքի հետ համագործակցության հնարավորություններին: