Գայանե Ղազարյան
Գայանե Ղազարյանը (Բայաթյան) հագուստի դիզայներ, մշակութաբան և լեզվաբան է, ծնվել է Հայաստանում, հետագայում տեղափոխվել Ռուսաստան: Նա ստացել է լեզվաբանության բակալավրի աստիճան Վ․ Բրյուսովի անվան Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանում, Մշակութաբանության մագիստրոսի և Հագուստի դիզայնի բակալավրի աստիճան Կրասնոդարի Մշակույթի Պետական Ինստիտուտում: 2015թ․-ից նա Կրասնոդարի Հայ Առաքելական Եկեղեցու և Հյուսիսային Կովկասի Հայոց Թեմի Եկեղեցասեր Երիտասարդաց Միության Խորհրդի անդամ է:
Տարիների ընթացքում Գայանեն մասնակցել է տարբեր ծրագրերի, աշխատել է «ՀԱՅԿ» կինոընկերությունում (Ռուսաստան)՝ հանդես գալով որպես զգեստների նկարիչ «Արշալույս» ֆիլմում: Նախաձեռնել է նորաձևության պատմության դասընթացներ և աշխատել որպես հագուստների թիմի անդամ Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմում (Հայաստան): Գայանեն մասնակցել է նաև Birthright Armenia ծրագրին, որի շրջանակներում համագործակցել է Junior Eurovision 2022-ի, Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի, AGBU Katapult Pavilion-ի հետ։
Գայանեն մասնակցել է Yerevan Fashion Week 2023-ին և 2024-ին, որպես անգլիական «Fashion Scout» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից իր բրենդ՝ «BAYATYAN»-ի երկու հավաքածուներով, որոնցից առաջինը ոգեշնչված էր հայկական ճարտարապետությամբ, իսկ երկրորդը՝ Սերգեյ Փարաջանովի կյանքով: Գայանեն նաև մասնակցել է «Փարաջանովը և Նորաձևությունը» ցուցահանդեսին:
«իԳործ» ծրագրի շրջանակներում Գայանեն աշխատում է Երևանի պետական կամերային թատրոնում՝ որպես զգեստների նկարիչ: