Թագուհի Սահակյան

Ես Թագուհի Սահակյանն եմ, 22 տարեկան, ապրում եմ Թբիլիսիում։ Ծնվել եմ Ռուսաստանի Դաշնությունում, մանկությունս անցել է Ջավախքում՝ Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում։ Չնայած Հայաստանից դուրս մեծանալուն՝ դաստիարակվել եմ հայկական ավանդույթներով հարուստ միջավայրում։ Ընտանիքս մանկուց իմ մեջ սերմանել է հայրենասիրություն և հայրենաճանաչություն։ Վրաստանում գործող հայկական կազմակերպություններն ու եկեղեցիները հնարավորություն են տվել մշտապես լինել հայ համայնքի ակտիվ մաս։
Ավարտել եմ Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանը՝ Միջազգային հարաբերությունների մասնագիտացմամբ։ Այս տարի դիմել եմ մագիստրոսական ծրագրի՝ Միջազգային անվտանգության և դիվանագիտության ուղղությամբ։
Արդեն յոթ տարի ակտիվորեն զբաղվում եմ կամավորությամբ՝ կազմակերպելով վերապատրաստումներ Վրաստանի հայ համայնքի համար այնպիսի թեմաներով, ինչպիսիք են մարդու և կանանց իրավունքները, հասարակական ակտիվությունը, ինչպես նաև կրթության հնարավորությունները Վրաստանում և արտերկրում։ Աշխատել եմ որպես հայոց լեզվի և մշակույթի գործընկեր Միջազգային կրթության ամերիկյան խորհրդում, որտեղ զբաղվել եմ ապակենտրոնացված համագործակցությամբ՝ նպաստելով հայկական մշակույթի և լեզվի տարածմանը ամերիկյան կրթական հաստատություններում։
Ես «Ջավախքի կանանց ակումբի» հիմնադիրն եմ, որի նպատակն է աջակցել հայ կանանց հզորացմանը, զբաղվածության ապահովմանը և նորարարական նախաձեռնությունների խթանմանը։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի Վրաստանի ներկայացուցիչ՝ ձգտում եմ ավելի ամրապնդել սփյուռքի հայերի և Հայաստանի կապերը։ Իմ հիմնական նպատակներից է քաղաքացիական հասարակության և համայնքների համախմբումը մեկ գաղափարի շուրջ՝ մոտեցնելու Վրաստանն ու Հայաստանն ավելի սերտ քաղաքական հեռանկարում։