Արմինե Սերոբյան

Ես Արմինե Սերոբյանն եմ, 33 տարեկան։ Վերջին տասը տարին ապրում եմ Էստոնիայում։ Ծնվել և մեծացել եմ Հայաստանում՝ Աբովյան քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսանել եմ Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանում։
Իմ հասարակական գործունեության սկիզբը դրվել է դեռ 13 տարեկանում՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունում կամավորական աշխատանքով։ Տասնմեկ տարվա ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ ծրագրերի իրականացմանը, ղեկավարել «Սոցիալ-հոգեբանական աջակցություն մենակ ապրող տարեցներին» ծրագիրը, աջակցել սիրիահայ երեխաների ադապտացիոն գործընթացին, ինչպես նաև հանդես եկել որպես դասընթացավար համալսարաններում և ամառային դպրոցներում՝ կազմակերպելով առողջ ապրելակերպի սեմինարներ։ Եղել եմ Առաջին օգնության թիմի անդամ, ներգրավվել արտակարգ իրավիճակներին արձագանքման պատրաստվածության ծրագրերում և 2012 թվականին մասնակցել Գերմանիայում անցկացված միջազգային փոխանակման ծրագրին։
2015 թվականից Էստոնիա տեղափոխվելուց հետո շարունակել եմ ակտիվորեն ներգրավվել համայնքային կյանքում՝ աշխատելով հայկական կիրակնօրյա դպրոցում և մասնակցելով մշակութային, կրթական ու հոգևոր նախաձեռնություններին։ Միաժամանակ գործնական փորձ եմ ձեռք բերել մասնավոր հատվածում․ հինգ տարի աշխատել եմ CMA CGM լոգիստիկ ընկերությունում, այնուհետև շվեյցարական Cargoo տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունում՝ հաճախորդների աջակցման մասնագետի պաշտոնում։
Վերջին տարիներին աջակցել եմ մի շարք միջազգային ու մշակութային նախաձեռնությունների։ Մասնավորապես, եղել եմ Լիտվայում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստանի անկախության օրվա միջոցառման աջակիցը և պատասխանատու եմ եղել 2024–2025 թթ. կայանալիք Եվրոպական Հայկական Խաղերում Էստոնիայի թիմի կազմավորման ու կազմակերպման համար։
Իմ կազմակերպչական և առաջնորդական հմտությունները, միջմշակութային հաղորդակցման փորձը, հանրային խոսքի կարողությունները և թիմային աշխատանքի փորձառությունը հնարավորություն են տալիս ինձ վստահորեն ստանձնել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը ներկայացնելու պատասխանատվությունը։