Աննա Համամձյան

Ես Աննա Համամձյանն եմ, 26 տարեկան։ Ծնվել և մեծացել եմ Լիտվայում՝ մշտապես հայկական մշակույթի մեջ։ Մեր ընտանիքում կարևոր տեղ է զբաղեցրել հայկական ավանդույթների պահպանումն ու փոխանցումը։ Իմ ծնողները ավելի քան քսան տարի եղել են տարածաշրջանի հայկական համայնքի առաջնորդներ՝ կազմակերպելով ծրագրեր ու ճամփորդություններ ինչպես երիտասարդների, այնպես էլ ավագ սերնդի համար։ Նրանց գործունեությունը նպաստել է հայկական մշակույթի պահպանմանը և Լիտվայի ու Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը։
Բարձրագույն կրթությունս ստացել եմ Բելգիայում և Ֆրանսիայում՝ այդ ընթացքում զարգացնելով հաղորդակցման հմտություններս և համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։ Յուրաքանչյուր երկրում ես պահպանում և ամրապնդում էի կապերը տեղի հայկական համայնքների հետ։
Այս պահին աշխատում եմ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունում՝ պատասխանատու լինելով տարբեր բաժինների, ինչպես նաև Եվրոպայի և Աֆրիկայի ֆրանսախոս երկրների միջև հաղորդակցության համար։ Աշխատանքս ինձ հնարավորություն է տալիս հանդիպելու տարբեր մարդկանց և շփվելու բազմազան թեմաների շուրջ։
Որպես մարդ, ով մանկությունից ներգրավված է եղել հայկական համայնքային և մշակութային կյանքում, ինձ համար բնական է մասնակցել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին։ Հավատում եմ, որ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա ոչ միայն կիսվել իմ գիտելիքներով ու փորձով, այլև նոր բաներ սովորել, կապ հաստատել տարբեր սփյուռքահայ երիտասարդների հետ և միասին ավելի մեծ ներդրում ունենալ Հայաստանի ու Սփյուռքի համագործակցության ամրապնդման գործում։