Եվա Հովսեփյան

Ես Եվա Հովսեփյանն եմ։ Ծնվել եմ Երևանում և մինչև 14 տարեկանս ապրել այնտեղ։ Հեռու լինելով հայրենիքից՝ խորապես գիտակցել եմ մեր մշակույթի մեծությունը․ հենց կարոտն է, որ թույլ տվեց ինձ նորից սիրահարվել Հայաստանին, մեր լեզվին ու գրին։
Այժմ սովորում եմ Վարշավայի համալսարանում՝ ֆրանսիական գրականության և մշակույթի բաժնում։ Կյանքիս մեծ մասը սերտորեն կապված է թե՛ արվեստի, թե՛ մարդկանց հետ։ Տարիների ընթացքում աշխատել եմ տարբեր կազմակերպություններում՝ սկսած գաղթյալներին աջակցելու ծրագրերից մինչև կանանց անվտանգության նախաձեռնությունները։
Այսօր իմ ուղին շարունակվում է Վարշավայի Ազգային օպերայում, որտեղ ամեն օր հանդիպում եմ մարդկանց, ովքեր գալիս են զգալու երաժշտության և բեմարվեստի կախարդանքը։ Այդ միջավայրը ինձ մշտապես հիշեցնում է, որ արվեստը ունակ է միավորելու բոլորին՝ անկախ տարիքից, փորձից կամ պատմությունից։
Ազատ ժամանակ զբաղվում եմ անալոգային լուսանկարչությամբ։ 19 տարեկանում ունեցել եմ իմ առաջին անհատական ցուցահանդեսը՝ «Czułość / Tenderness» վերնագրով։ Լուսանկարչությունը, ինչպես նաև գրականությունն ու բեմարվեստը, ինձ համար ոչ միայն ինքնարտահայտման միջոց են, այլև կամուրջներ մարդկանց միջև։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից՝ ցանկանում եմ խորացնել կապերը Հայաստանի և սփյուռքի միջև՝ արվեստի միջոցով։ Հավատում եմ, որ այն կարող է դառնալ ամենաուժեղ գործիքը մշակույթների և հասարակությունների միջև փոխըմբռնման ու համերաշխության համար։ Իմ նպատակն է արվեստի և մշակութային համագործակցության միջոցով ավելի մոտեցնել Հայաստանն ու սփյուռքը՝ ստեղծելով երկխոսություն, որը կբացի նոր հնարավորություններ ապագայի համար։