Եվգենիա Հարությունյան

Ես Եվգենիա Հարությունյան եմ։ Ծնվել և մեծացել եմ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում՝ ավանդական հայ ընտանիքում։ Մանկուց շփվելով հայ մշակույթի, հավատքի և ավանդույթների հետ՝ ձևավորվել է իմ ամուր կապը հայրենիքի հետ՝ միաժամանակ հաջողությամբ ինտեգրվելով լատվիական հասարակության մեջ։
Այս տարի ավարտում եմ Լատվիայի Գեղարվեստի Ակադեմիայի գրաֆիկ դիզայնի բաժինը։ Նախքան դա սովորել եմ նորաձևության և կերպարվեստի քոլեջում։ Ստեղծագործական կրթությունս ձևավորել է ազատ ու նորարարական մտածելակերպ, որի միջոցով ձգտում եմ նպաստել մշակույթի, ինքնության և ժամանակակից արվեստի զարգացմանը։
Ուսման հետ զուգահեռ ակտիվ մասնակցություն եմ ունեցել համայնքային կյանքին՝ հանդիսանալով «Լատվիայի Հայերի Միության» անդամ։ Իմ գործունեության շրջանակում ընդգրկված են մշակութային և սոցիալական միջոցառումների կազմակերպումը, թվային հաղորդակցության համակարգումը, ինչպես նաև այն նախաձեռնությունների աջակցությունը, որոնք ուղղված են Լատվիայում հայ համայնքի համախմբման և համագործակցության ամրապնդմանը։
Որպես Սփյուռքի երիտասարդ դեսպան՝ իմ առաքելությունը տեսնում եմ երկկողմանի․ մի կողմից՝ ոգեշնչել հայ երիտասարդությանը սիրել և պահպանել իրենց լեզուն, հայրենիքը, ավանդույթներն ու մշակույթը, իսկ մյուս կողմից՝ նպաստել միջմշակութային երկխոսության ընդլայնմանը հայերի, լատվացիների և այլ համայնքների միջև։
Ինձ համար մեծ պատիվ է լինել այս ծրագրի մի մասը։ Վստահ եմ, որ մյուս դեսպանների հետ միասին կկարողանանք ամրապնդել ու խորացնել կապերը մեր հայրենիքի և սփյուռքի միջև՝ ստեղծելով նոր համագործակցության ու համախմբվածության կամուրջներ։