Ալեքսանդրա Օհանյան

Ես Ալեքսանդրա Օհանյանն եմ, 21 տարեկան։ Ծնվել և մեծացել եմ Ֆրանսիայի Մարսելի և Էքս-ան-Պրովանսի տարածաշրջանում։ Թեպետ ծնունդով և կրթությամբ ֆրանսուհի եմ, սակայն մանկուց ձևավորվել եմ հայկական միջավայրում։ Ծնողներս մեծ կարևորություն են տվել հայրենիքի հետ սերտ կապ պահելուն և հայ մշակույթով ապրելու իմ պահանջին։ Սովորել եմ ֆրանսահայ երկլեզու դպրոցում, որտեղ էլ ձևավորվեց իմ երկմշակութային ինքնությունը։ Միաժամանակ մշտապես ներգրավված եմ եղել հայկական մշակութային կազմակերպությունների գործունեության մեջ՝ հատկապես պարարվեստի և երաժշտության ոլորտներում։
Ավարտել եմ Էքս-Մարսելի համալսարանը՝ իրավագիտության և արվեստի պատմություն ու հնէագիտություն մասնագիտություններով։ Ներկայումս ուսումս շարունակում եմ երաժշտաբանության ուղղությամբ, իսկ զուգահեռաբար սովորում եմ Հայաստանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ավանդական ժողովրդական երաժշտության բաժնում, ինչը իմ անձնական ներդրումն է Հայաստանի և Ֆրանսիայի միջև կենսունակ կամուրջ կառուցելու գործում։ Բացի այդ, ավարտել եմ Մարսելի կոնսերվատորիան դաշնամուրի բաժնով և ստացել ավարտական դիպլոմ։
Իմ գործունեությունը չի սահմանափակվում միայն կրթական ու երաժշտական ոլորտներով։ Ակտիվորեն ներգրավված եմ նաև հասարակական և երիտասարդական կյանքում։ Հանդիսանում եմ Ֆրանսիայի Հայկական Երիտասարդության միության (JAF) վարչության անդամ՝ համակարգելով արվեստի և կրթական ծրագրերը։ Որպես մենակատար երաժիշտ հանդես եմ գալիս հայկական «Սասուն» նվագախմբի կազմում, որի նպատակն է պահպանել և տարածել հայկական երաժշտական ժառանգությունը։
Իմ կյանքում կարևոր տեղ ունի նաև գեղարվեստական խոսքը և հռետորությունը։ Եղել եմ «Lions Club»-ի հռետորական մրցույթի հաղթող, ինչպես նաև բազմիցս մասնակցել «Դեմոսթեն» մրցույթին։ Այս փորձառությունը վերածվել է ուսուցչական առաքելության․ ներկայումս դասավանդում եմ բանավոր խոսքի արվեստ՝ նպաստելով երիտասարդների հռետորական կարողությունների զարգացմանը։ Իմ համար հռետորությունը ոչ միայն ինքնարտահայտման միջոց է, այլև գործիք՝ արժեքներ փոխանցելու, քաղաքացիական մտածողություն ձևավորելու և հասարակությանը ոգեշնչելու համար։
Որպես Ֆրանսիայի Սփյուռքի երիտասարդ դեսպան՝ իմ առաքելությունն է խորացնել Հայաստանի և սփյուռքի կապերը, ներկայացնել ու տարածել հայկական մշակույթը ֆրանսիական և միջազգային հանրությանը։ Իմ նպատակը հայ երիտասարդության ձայնը հնչեցնելն է, խթանել համագործակցությունը տարբեր կառույցների միջև և ձևավորել երկարաժամկետ համատեղ ծրագրեր։
Համոզված եմ, որ մշակույթը ոչ միայն ժառանգություն է, այլև համամարդկային խաղաղության հզոր զենք։ Այն միավորում է, փոխանցում և դիմադրում։ Քանի դեռ այն կենդանի է և փոխանցվում է սերունդներին, հայ ժողովուրդը կմնա միասնական, կենսունակ և կկերտի անբեկուն ապագա։